«Լիվերպուլը» Պորտուգալիայի հավաքականի դարպասապահին դիտարկում է որպես Ալիսոնի փոխարինող
«Լիվերպուլը» Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտային ներառել է թեկնածուների ցանկում, որոնք կարող են փոխարինել թիմի դարպասապահ Ալիսոն Բեքերին, եթե վերջինը ամռանը հեռանա ակումբից: Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մերսիսայդցիները» հետաքրքրություն են ցուցաբերում 26-ամյա դարպասապահի նկատմամբ, քանի որ այս մրցաշրջանում պահեստային դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի խաղը ակումբի ղեկավարությանը չի տպավորել։ Ընդգծվում է, որ Կոշտան միակ թեկնածուն չէ, որին «Լիվերպուլը» դիտարկում է։
Կոշտան այս մրցաշրջանում մասնակցել է 47 խաղի բոլոր մրցաշարերում՝ 24-ում անառիկ պահելով դարպասը։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ը շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։



