Անահիտ Բախշյանը քառյակի հնարավոր պառակտման պատճառը գիտի

«Հաջողության երաշխիքն այն է, որ ոչ իշխանական քաղաքական չորս ուժերն իրենց ասածներին հավատարիմ մնան և գնան մինչև վերջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի՞, թե՞ոչ:

Ա. Բախշյանը գիտի` ԱԺ մեծամասնությունը «բնականաբար, կառավարության անվստահությանը դեմ է քվեարկելու», ուստի, նրա համոզմամբ, կարևոր է այն, թե քվեարկության հաջորդ օրը չորս քաղաքական ուժերն ինչպես իրենց կպահեն, հաջորդ ի՞նչ քայլի մասին կհայտարարեն:

Մեր հարցին` ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը` փողոց դուրս գա՞լը, Ա. Բախշյանը պատասխանեց. «Փողոց էլ պետք է դուրս գան, «Սահմանադրական ճանապարհով էլ պետք է պահանջեն նախագահի հրաժարականը»: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե հաշվի առնելով, որ ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է քվեարկելու սեփական վարչապետի հրաժարականը պահանջող նախաձեռնությանը, ոչ իշխանական ուժերի քայլն ինքնանպատակ է, Անահիտ Բախշյանն ասաց, թե իրենց ընդդիմախոսներն իրավունք ունեն նման մեղադրանքներ հնչեցնել քառյակի հասցեին:

«Իրավունք ունեն այդպես ասելու, դա իրենց տեսակետն է: Բայց քառյակի քայլերը, համոզված եմ, լինելու են հնարավոր բոլոր օրինական, սահմանադրական ճանապարհներով: Հետո կասեն` տեսաք, քայլերն արեցին, բայց որովհետև մեր վերջնական նպատակն իշխանափոխությունն էր, հետևաբար` պետք է արվեն քայլեր, որոնցով անհնազանդություն դրսևորեն»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին քառյակից խոսում են միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», Ա. Բախշյանից հետաքրքրվեցինք` արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կպահանջե՞ն նախագահի հրաժարականը:

«Ես էլ այդ հարցն ունեմ, ես էլ չգիտեմ, այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, իմ մեջ էլ կա այդ հարցը կախված»,- պատասխանեց նա` ավելացնելով, թե ԲՀԿ անդամներից ոմանք «տղամարդավարի շատ կոշտ» դրեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը` առանց նրա անունը տալու:

«Կարող է` անունը չեն տալիս Սերժ Սարգսյանի, բայց այն քայլերը, որոնք առաջարկում են նրանք, առանց Ս. Սարգսյանի հեռացման չի լինի իրականացնել: Հետևաբար, կարծում եմ, որ տողատակ կա»,- նշեց նա: Մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն խուսափում տալ Ս. Սարգսյանի անունը, հնչեցնել, որ կողմ է նրա հրաժարականին, Ա. Բախշյանը զարմացավ. «Յա՜… Ես էլ ունեմ այդ հարցը, ինձ էլ է անհանգստացնում, ես էլ ունեմ այդ հարցը»:

Մեր հարցին` իրավացի՞ են իշխանության ներկայացուցիչները, երբ քննադատում են քառյակին` ասելով, որ կառավարության փոփոխություն են պահանջում, բայց կառավարության ղեկավարի, նախարարների հնարավոր անուններ չեն հնչեցնում, Անահիտ Բախշյանը պատասխանեց.

«Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Ում անունը հիմա տրվի, դա նոր պառակտման պատճառ կլինի: Ի՞նչ կլինի, եկեք թողնենք` ամեն ինչ իր հունով գնա, հետո կգտնվի այդ մեկը: Իմ կարծիքով` անուն չպետք է տրվի»:

Մեր դիտարկմանը, թե շատերի համոզմամբ` արդեն ապագա վարչապետի անունը հնչեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատելով Բ. Իվանիշվիլիի հետ, Անահիտ Բախշյանն այսպես արձագանքեց. «Վա՜յ, էդ էլ ու պըրծ: Ես Ծառուկյանի անձին չեմ դեմ, ես այդ զրույցի արդյունքում ծնված թեկնածությանն եմ դեմ. երկու մարդ նստել են, որոշել են: Ես ոչ թե Գագիկ Ծառուկյանի անձին եմ դեմ, այլ նրան, որ երկու անձ նստել ու որոշել է, թե ով է լինելու վարչապետ»:

Տեսանյութեր

Լրահոս