Պաշտպանը՝ «Հարսնաքարի» գործով վճռի մասին. Կարծում եմ, որ այս դատավճիռը ՀՀ-ում կայացված ամենաապօրինի դատավճռիներից է

«Գտնում եմ, որ կոնկրետ իմ պաշտպանյալի վերաբերյալ կայացված դատական ակտն ամբողջությամբ անհիմն է, քանի որ քրեական գործում գոյություն չունի որևէ ապացույց, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը: Կարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքն այլ անձի արարքից չտարանջատելով կայացված դատական ակտ է: Այդ մասին է  խոսում նաև այն հանգամանքը, որ իմ պաշտպանլյալն ունի բազմաթիվ մեղմացնող հանագմանքներ, որևէ մեկը հաշվի չի առնվել, և ընդհանուր վեց ամբաստանյլաներին նշանակվել է նույնանման պատիժ:

Կարծում եմ, որ այս դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում կայացված ամենաապօրինի դատավճիռներից մեկն է»,- 168.am-ի հետ զրույցում «Հարսնաքարի» գործով կայացված դատավճռի մասին կարծիք  հայտնեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Մեր հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Քրեական գործի ամբողջ դատաքննությունն ընթացել էր այն ուղղությամբ, որ նախաքննության մարմինը, ինչպես նաև դատարանում մեղադրանքի կողմը կարողանար որևէ ապացույց գտնել սույն քրեական գործով իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Սակայն չունենալով տվյալ ապացույցը, վերջիվերջո, իմ պաշտպանյալին դատապարտեցին բավականին մեծ ժամկետով ազատազրկման: Գտնում եմ, որ այս պարագայում դատավճիռը մեր կողմից չբողոքարկելն անիմաստ կլինի»:

Նշենք, որ  այսօր դատարանի վճռով Արման Բաղդասարյանը, ինչպես նաև քրեական գործով մյուս 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Կարդացեք նաև

Արման Բաղդասարյանը դատարանում պնդում էր, որ ինքը անմեղ է, դեպքի մասին տեղեկացել է միայն, երբ այն արդեն ավարտված է եղել:

«Գտնում եմ, որ ակնայտ անհիմն դատավճիռ է, որովհետև, ըստ էության, անձանց կողմից կատարված գործողությունների և նրանց նկատմամբ նշանակված պատժի տարանջատում չկա»,- կարծիք հայտնելով դատավճռի մասին՝ 168.am-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը:

Նա նշեց, որ դատավճռին ծանոթանալուց հետո կորոշեն իրենց հետագա քայլերը:

Հավելենք, որ Արման Խաչատրյանը, դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել՝ նշելով, թե չկա որևէ ապացույց, որ ինքը որևէ մեկի գործողությունները լրացնելով տուժողներից որևէ մեկին վնասվածք է պատճառել: Ամբաստանյալը նշել էր նաև, որ իրեն մեղադրանք են առաջադրել իր աշխատանքի վայրում գտնվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս