«Մեծ յոթնյակը» Հաագայում քննարկում է Ուկրաինայի խնդիրը. «Ազատություն»

Առաջատար յոթ պետությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարներն այսօր հանդիպում են Հաագայում, որտեղ գումարվում է Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովը։ Այս մասին գրում է  azatutyun.am-ը:

Այդ հավաքի մասնակիցների թվում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և տասնյակ այլ երկրների ղեկավարներ։ Յոթնյակը, որի հանդիպումը գագաթնաժողովի շրջանակներից դուրս է, պետք է Նիդերլանդների կառավարության նստավայր Հաագայում հատուկ նիստում քննարկի Ուկրաինայի հարցը։

Ռուսաստանը Հաագայում ներկայացնում է ոչ թե նախագահ Վլադիմիր Պուտինն, այլ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով, հավանաբար, առանձին կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերրիին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն արդեն սահմանել են վիզայի արգելքներ և տնտեսական պատժամիջոցներ մի քանի տասնյակ ռուս և ուկրաինացի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ ու պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել։

Ռուսների կողմից բռնակցված և Դաշնության մաս հռչակված Ղրիմում այսօրվանից ուկրաինական հրիվնային զուգահեռ շրջանառվում է նաև ռուսական ռուբլին։ Պուտինի կարգադրությամբ մինչև մարտի 29-ը Ղրիմում պետք է ձևավորվեն գործադիր իշխանության ռուսական մարմիններ։

Ռուսները հսկողության տակ են վերցրել Ղրիմի տարածքում գտնվող ուկրաինական ռազմակայանները։ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը ուկրաինացի զինծառայողներին կարգադրել է հեռանալ Ղրիմից, քանի որ նրանք և նրանց ընտանիքների անդամները ֆիզիկական վտանգի տակ են հայտնվել։

Նախօրեին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսները հսկայական զինուժ են կուտակել Ուկրաինայի սահմանին։

«Այդ ուժերը միանգամայն բավարար են Ուկրաինայի արևելյան սահմանը հատելու և Մերձդնեստր ներխուժելու համար, դա շատ մտահոգիչ է»,- ասել է Բրիդլովը։

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս