ԲՀԿ-ական պատգամավորը կառավարությանը հրավիրում է Մայդան. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ։ Հատվածներ հարցազրույցից…

– ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր, կառավարության որակը ավելի բա՞րձր էր:

– Երբ որ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր, ես ԲՀԿ-ի անդամ չէի: Երբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էին, նրանք իրականացնում էին կառավարության ղեկավարի ծրագիրը: Նրանք իրենց տեղերում շատ լավ աշխատեցին, այդ ծրագիրը փայլուն իրականացրեցին, բայց արդյունքում ստացվեց, որ այդ ծրագիրը երկիրը տանում էր կործանման և ոչ թե բարգավաճման և դադարեցին կոալիցիա լինելուց:

– Այսինքն՝ համատեղ ուժերով՝ փայլուն կործանո՞ւմ էին երկիրը:

– Վարչապետի ծրագիրը փայլուն կործանում էր երկիրը: ԲՀԿ-ն այն ժամանակ, երբ իրականացնում էր ծրագիրը, չէր կարող նկատել, որ դա տանում է կործանման: Երբ նկատեց, որ տանում է կործանման՝ առաջին խոստման չկատարում, երկրորդ խոստման չկատարում, նա հրաժարվեց կոալիցիայի անդամ լինելուց:

-Սակայն ԲՀԿ-ն չի հայտարարել, որ դա է պատճառը, որ կոալիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ:

– Ես միշտ այդ բացատրությունն եմ տվել և իմ կարծիքին մնում եմ այսօր ևս:

– Իսկ ԲՀԿ-ն ունի՞ փրկության ծրագիր, եթե կառավարության այսօրվա ծրագիրը կործանման ծրագիր է:

– Փրկության ծրագիրը ոչ թե ԲՀԿ-ն է կազմելու, այլ կազմելու են չորս կուսակցությունները միասին: Եվ այսօր դեռ առաջարկում են քաղաքական մեծամասնությանը մաս կազմել: Եվ կարծում եմ, որ շատ ճիշտ կլիներ, որ համաձայնվեր քաղաքական մեծամասնությունն այսօր, քանի առաջարկվում է:

– Դա արդեն կոալիցիա կլինի ՀՀԿ-ի հետ, սակայն 4 ուժերի մեջ կան ուժեր, որ կոալիցիա կազմելու ցանկություն չունեն: Փաստորեն, ԲՀԿ-ն կո՞ղմ է կոալիցիային:

– Հարցը կոալիցիա կազմելուն չի վերաբերում: Հարցը վերաբերում է հետևյալին: Գործող կառավարությունը չկարողացավ գոնե մեկ քայլ առաջ տանել երկրի տնտեսությունը: Եթե գործող իշխանությունը համաձայն է այսուհետ շարժվել 4 քաղաքական ուժերի ծրագրով, այդ քաղաքական ուժերը, ես կարծում եմ, կընդառաջեն և իրենց շարքերում կվերցնեն նաև գործող իշխանությանը և քաղաքական մեծամասնությանը:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք Հայաստանի փրկության այդ ծրագիրը գաղտնի պահում:

– Գոյություն չունի փրկության ծրագիր, գոյություն ունի միասին կազմելու ծրագիրը: Եթե համաձայն են, կկազմենք միասին, եթե ոչ, ուրեմն կկազմենք առանց իրանց և կիրականացնենք:

– ՀՀԿ-ն արդեն իսկ ասում է, որ դա հեքիաթ է, որ իրենք երբևէ չեն ընդունի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը: Ասել է թե՝ որպես մեծամասնություն պատրաստվում են տապալել նախաձեռնությունը: Այս դեպքում Դուք ի՞նչ ճանապարհ եք տեսնում, օրինակ` տեսնո՞ւմ եք հեղափոխական ճանապարհ:

– Եթե քաղաքական մեծամասնություն կոչեցյալը վիժեցնի կառավարության հրաժարականը, մի ճանապարհ է մնում քաղաքական մեծամասնություն կոչեցյալին՝ դուրս գալ Մայդան, որովհետև երբ ժողովուրդը խզում է պայմանագիրը քաղաքական մեծամասնություն կոչեցյալի հետ, և քաղաքական մեծամասնությունը դրա հետ չի համաձայնում, քաղաքական մեծամասնությանը մնում է մի ճանապարհ՝ դուրս գալ Մայդան: Իսկ ժողովուրդը Մայդան դուրս գալու անհրաժեշտություն չունի:

– Բայց ակնհայտ է, որ կառավարությունը ոչ մի տեղ դուրս գալու ցանկություն չունի:

– Ուրեմն կփակվի իր կառավարական շենքում և կխախտի երկրի Սահմանադրությունը, որովհետև դեմ է դուրս գալիս ժողովրդի կամքին: Որը կբերի ուկրաինական դեպքերի նման դեպքերի, երբ ոսկյա օլիգարխներին ծառայած նախագահը հազիվ հասցրեց մազապուրծ փախնել:

-Ասել է թե՝ կարծում եք Հայաստանում կլինի հեղափոխությո՞ւն Ուկրաինայի պես:

– Ուկրաինայում հեղափոխություն չի եղել: Ուկրաինայում ժողովրդի մեծամասնությունը խզել է պայմանագիրը իր կողմից նշանակված նախագահի և կառավարության հետ: Կարծում եմ՝ մերոնք ավելի խելոք կգտնվեն:

– Բայց իրենք արդեն հայտարարել են, որ չեն ընդունելու, այնպես որ` Ձեր սպասելիքները սին են:

– Կապրենք, կտեսնենք: Հայտարարությունը մի բան է, իրական գործընթացները` այլ բան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս