Դավիթ Մանուկյան. Հանրահավաքի կազմակերպիչները մենք ենք և մենք ենք որոշում՝ ինչ օրակարգ լինի, ով ելույթ ունենա

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամների և քաղաքական 4 ուժերի հանդիպման ժամանակ մարտի 22-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սէֆիլյանի ելույթների վերաբերյալ ոչ մի պայման չի դրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց շարժման ակտիվիստ, նշված հանդիպման մասնակից Դավիթ Մանուկյանը՝ հերքելով այսօր տարածված լուրերը, թե քաղաքական ուժերը ակտիվիստների առաջ պայման են դրել, թե մարտի 22-ի հանրահավաքին չպետք է ելույթ ունենան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

«Իսկապես չեմ հասկանում, թե ինչպես է նման տեղեկատվություն տարածվել: Մեր հանդիպման ժամանակ չի հնչել նման առաջարկ կամ պայման և չպիտի էլ հնչեր: Հանրահավաքի կազմակերպիչները մենք ենք և մենք ենք որոշում՝ ինչ օրակարգ լինի, ով ելույթ ունենա»,- ասաց Դ.Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից ՝ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, և ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:

Հարցին՝ ո՞ւմ ելույթն է նախատեսվում մարտի 22-ին, Դ.Մանուկյանը պատասխանեց, որ դեռ չի կարող ասել, օրակարգը քննարկվում է և վերջնականապես որոշված չէ, նաև քաղաքական 4 ուժերի հետ երկուստեք ցանկություն կա, որ նրանց ներկայացուցիչները ելույթ ունենան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս