Խոշոր գործատուներն՝ ընդդեմ Կառավարության
Ինչպես երեկ նկատել էր «Հայկական Ժամանակի» մեր գործընկերը, կուտակային համակարգում կարծես գործերն այնքան էլ լավ չեն։ Բանն այն է, որ այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Սա տարօրինակ թիվ է, քանի որ, ինչպես նշված էր հոդվածում, ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ, ինչն էլ իր հերթին` նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 1.7 միլիարդ դրամ։
Բայց եղել է 674 մլն դրամ։ Ու քանի որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել, դա խոսում է այն մասին, որ ՀՀ գործատուները, մեղմ ասած, այնքան էլ ակտիվ չեն եղել կուտակային պարտադիր 5%-ները պահելու և փոխանցելու հարցում։
Ճիշտ է, մեր պետական կառույցները կարող են որոշ թեթև թերություններ գտնել այս հաշվարկներում: Օրինակ` այն, որ պետության կողմից փոխանցվելիք ամսական միջին գումարը պետք է լիներ ոչ թե 1.7 միլիարդ դրամ, այլ մի փոքր քիչ։ Որովհետև պետական կառույցներում ստանում են 13-րդ աշխատավարձ, պարգևավճարներ և այլն։ Այսինքն` դեկտեմբերին գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ է վճարվում, և կատարվում են ավելի շատ պահումներ։ Ըստ այդմ, հունվարին նախատեսվող գումարը կարող էր լինել ոչ թե 1.7 միլիարդ, այլ, ասենք` 1.4-1.5 միլիարդ։
Եվս մեկ հանգամանք. պետական բյուջեից փոխանցվել է 674 միլիոն դրամ, սակայն, մեր տեղեկություններով, գործատուներից փոխանցվել է ավելի շատ` շուրջ 800 միլիոն դրամ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում գանձվում է ավելի քան 25 հազար դրամ, իսկ պետության մասնաբաժինը չի գերազանցում 25 հազարը։
Սակայն սրանից խնդրի էությունը չի փոխվում. պարտադիր վճարները գործատուների կողմից թերակատարվել են կիսով չափ։ Որպես այս թերակատարման պատճառ` դիտարկվել էր մի քանի տարբերակ։ Նախ` այն, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը` ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի։ Այսինքն` համակարգի ներդրումը հանգեցրել է ստվերի կտրուկ ավելացման։ Այս հիմնավորումն այնքան էլ ճիշտ չէ, կամ` դեռ ճիշտ չէ։ Այո, օրենքը կարող է մեծացնել ստվերը, սակայն դա կլինի հիմնականում նոր աշխատողների հաշվին։
Այսինքն` ընկերությունները կամ քիչ ցույց կտան նոր աշխատանքի ընդունվողների աշխատավարձը, քան այն իրականում կա, կամ էլ պարզապես չեն գրանցի նոր աշխատողներին։ Իսկ արդեն առկա աշխատակիցների աշխատավարձը կամ հենց աշխատողներին չեն կրճատի, քանի որ միանգամից կհայտնվեն Հարկայինի ուշադրության կենտրոնում։ Այսինքն` ստվերի ռիսկը միայն երկարաժամկետ հեռանկարում կարող է դրսևորվել։
Նշվում էր նաև, որ կառավարությունը չի տիրապետում աշխատավարձերի մասին տեղեկատվությանը։ Սակայն սա էլ համոզիչ չէ. ինչ-ինչ` սակայն ուրիշների եկամուտները հաշվելը կառավարության մոտ լավ է ստացվում։
Մնում է երրորդ պատճառը։ Գործատուների մի զգալի մասը դեռ չի շտապում պահումներ կատարել աշխատավարձերից և այդ 5%-ները փոխանցել գանձապետական հաշվին։ Սա, ըստ էության, ամենահամոզիչ բացատրությունն է։ Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանն այս երևույթին իր բացատրությունն էր տվել` պայմանավորելով ՍԴ որոշման հետ կապված սպասողական տրամադրություններով։ «Ունենք գործատուներ, որոնք սպասողական վիճակում են։ Կարծում եմ` դրանով է պայմանավորված»,- ասել էր նախարարը։
Սակայն այս ամենի մեջ թաքնված է մի շատ հետաքրքիր իրողություն։ Սկսենք սկզբից։ Փետրվարի կեսերին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ իրենց գնահատականներով` գործատուների մոտ 99%-ը պահումներ են կատարել։ Այս հայտարարությունն ընդդիմության կողմից որակվեց` որպես մանիպուլյացիայի փորձ, որպեսզի պահումներ չարած գործատուները, չցանկանալով հայտնվել խնդրահարույց 1%-ի մեջ` շտապեն գանձել չարաբաստիկ 5 տոկոսը։ Ինչևէ, անցնենք առաջ։
Ֆինանսների նախարարը նաև նշել էր, որ կան գործատուներ, որոնք պահումներ կատարել են, սակայն չեն փոխանցել գանձապետական հաշվին։ Նա ասել էր, որ այդ գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության, քանի որ դա նշանակում է, որ գործատուն իր աշխատակիցներից գումար է պահել և, կոպիտ ասած, այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում։
Այն ժամանակ չէր նշվում, թե պահում արած գործատուների ո՞ր մասն է խուսափել գումարները փոխանցել գանձապետական հաշվին։ Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, նախարարի սպառնալիքը որոշակի ազդեցություն ունեցել է, և գործատուները պահած գումարները փոխանցել են գանձապետական հաշվին։ Ավելին, ոչ պաշտոնապես շրջանառվող տեղեկությունների համաձայն` գործատուների 80-90%-ը գումարները փոխանցել է։ Ու այդտեղ առաջանում է գլխավոր հակասությունը։
Ստացվում է, որ գործատուների մեծ մասը պահումները կատարել և փոխանցել է, սակայն կենսաթոշակային հիմնադրում հավաքվել է նախատեսված գումարի կեսը։
Այսինքն` գործատուների 10-20%-ի պատճառով պարտադիր վճարները թերակատարվել են ոչ թե համապատասխանաբար` 10-20%-ով, այլ 2.5 անգամ ավելի շատ` շուրջ 50%-ով։
Սա էլ նշանակում է, որ «անհնազանդ» գործատուներն ամենախոշոր, ամենից շատ աշխատող գործատուներն են։ Այն գործատուները, որոնց բաժին է ընկնում հանրապետության երիտասարդ վարձու աշխատողների կեսը։
Այլ կերպ ասած, խոշոր բիզնեսը կենսաթոշակայինի հարցում չի ենթարկվում գործադիրին։ Թե որոնք են այդ ընկերությունները, դժվար է հստակ նշել։ Մեր տեղեկություններով` խոշոր ընկերությունների թվում են հիմնականում ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունները, օրինակ` «Սինոփսիսը»։ Սակայն, որքան էլ զարմանալի լինի, կենսաթոշակային 5%-ները չեն փոխանցել նաև մեծ թվով աշխատակիցներ ունեցող Երևանի պետական համալսարանը և մի շարք այլ բուհեր։ Իսկ ոմանք ասում են` չի կարող պատահել։