Արմեն Մարտիրոսյան. «Կողմերի մեջ կա մեկը, որը շահել է, և դա ուկրաինացի ժողովուրդն է» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին օրերս տեղի ունեցած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման մասին: Արտակ Դավթյանի կարծիքով՝ քաղաքական զարգացումները ենթադրում են նաև նմանատիպ հանդիպումներ. «Այն, ինչ տեղի է ունենում (հանդիպում ՀՅԴ ղեկավարների հետ, այնուհետև՝ այլ ոչ իշխանական կուսակցությունների հետ), սա քաղաքական որոշակի գործընթացների մաս է կազմում: Մենք այդ ամենին նայում ենք նորմալ, և, ըստ էության, եթե դա տանելու է որոշակի հարցերի շուրջ տեսակետի ձևավորման (տեսակետ, որն իր մեջ որոշակի լուծումներ է պարունակելու, և այդ լուծումները կարող են օգտակար լինել, որպեսզի այդ խնդիրներն իրապես լուծվեն), կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի վատ բան տեսնել պետք չէ»:
Բանախոսն ասաց, որ, այսպես թե այնպես, իրենք ԱԺ-ում տեսնում են, որ քաղաքական այդ ուժերը որոշակի միասնական դիրքորոշումներով են հանդես գալիս: «Խոսքը նաև վերջին քառօրյայի ընթացքում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծվելուն էր վերաբերում: Ճիշտ է, այնտեղ ժամանակավոր հանձնաժողովներից մեկի հետ կապված՝ կարծիքները կամ տեսակետները բաժանվեցին, բայց, բացի ԱԺ ամբիոնից, մենք տեսնում ենք նաև, որ բավականին ակտիվ է քաղաքացիական հասարակությունը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ Ա. Դավթյանի` անկախ ամեն ինչից, դա ևս քաղաքական պայքարի և, ընդհանրապես, աշխատանքի մի մաս է կազմում. «Այնպես որ, կտեսնենք, թե առաջիկայում ինչ նոր զարգացումներ կունենա այդ նախաձեռնությունը»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն, իր հերթին, նշեց, որ շատ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը. «Համագործակցությունը սկսվել է, ըստ էության, նախորդ տարվա վերջին` կապված կենսաթոշակային կուտակային համակարգի, գազի պայմանագրի հետ: Բայց ցանկացած պարագայում, կարծում եմ՝ այն հարցերը, որոնք իրենք խորհրդարանում բարձրացնում են, իհարկե, շատ լավ է, պետք է բարձրացնեն (հենց խորհրդարանական ձևաչափը ենթադրում է, որ նմանատիպ քննարկումներ լինեն), բայց, այնուամենայնիվ, խնդիրը, որը գլոբալ առումով մեր առջև ծառացած է, թերևս, խորհրդարանական ֆորմատից փոքր-ինչ դուրս է: Դա է նաև պատճառը, որ կուսակցությունների ղեկավարներով (կոնկրետ այս դեպքում՝ ԲՀԿ և ՀՅԴ) հանդիպեցին»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով` Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հավաքի ժամանակ միասնական օրակարգի մասին էր խոսում, մինչ այդ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստանի» համագումարի ժամանակ խոսեց, դրանից էլ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ուղերձի ժամանակ նշեց միասնական քայլերի մասին. «Իհարկե, եթե մենք գանք այն իրավիճակին, որ 4 քաղաքական ուժերն արդեն ղեկավարների մակարդակով որոշակիորեն կսկսեն համագործակցությունը, ուրեմն, դա շատ դրական գործընթացի սկիզբ կարող է լինել»:
Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ ուկրաինական դեպքերից հետո աշխարհն այլև չի լինի այն, ինչ կար. «Աշխարհն արդեն իսկ փոխվել է: Ովքեր էլ լինեն հաղթողները, մի բան պարզ է, որ Ուկրաինան՝ իր ամբողջության մեջ, ուղղակի տանուլ է տալիս»:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի Մայդանում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ քանի դեռ չի լուծվել Մարտի 1-ի էջը, չի կարող փակվել զուտ քաղաքական մասը. «Եվ մենք այդտեղ միանշանակ պետք է ունենանք բացահայտում, որպեսզի այլևս նմանատիպ երևույթ չկրկնվի նաև Հայաստանում: Չգիտեմ՝ ո՞վ շահեց, ո՞վ տուժեց, բայց կարծում եմ՝ կողմերի մեջ կա մեկը, որը շահել է, և դա ուկրաինացի ժողովուրդն է, որը փորձում է տնօրինել իր ապագան, որը հնարավորություն ստացավ կառուցել մի երկիր, որը հնարավորինս զերծ պետք է լինի կոռուպցիայից, մոնոպոլացված տնտեսությունից, որը պետք է կարողանա ազատ մրցակցային դաշտ ձևավորել և փորձել նորմալ հարաբերություններ ծավալել (այդ թվում՝ տնտեսական) տարբեր գործընկերների հետ»:
Անի Քեշիշյան
Մանրամասները՝ տեսանյութում: