Պատերազմի վերսկսվելու դեպքում Ադրբեջանի քաղաքական քարտեզին մնալը կդրվի հարցականի տակ. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն զրուցել է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ

– Այս օրերին շատ է խոսվում նաեւ այն մասին, որ Ղրիմի դեպքերը փորձում են կապել Արցախի հետ: Մասնավորապես կանխատեսումներ են արվում, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է ակտիվ գործողությունների՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված վիճակից: Հրապարակվեց նաեւ տեղեկություն, որ արդեն սահմանի երկայնքով Ադրբեջանը մի քանի շարքով զինտեխնիկա է տեղակայել: Ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները:

– Աշխարհում զարգացումներն այնպիսի տեմպով են ընթանում, որ շատ դժվար է կանխատեսումներ, առավել ևս եզրակացություններ անել: Դեռևս 90-ականների սկզբից մինչև պատերազմի ավարտը Ուկրաինան պետական մակարդակով Կրավչուկի գլխավորությամբ ռազմական տեխնիկայով, զենքով, զինամթերքով, զինվորական հանդերձանքով, օդաչուներով ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին, աջակցում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին: Ուկրաինայի ղեկավարությունը մոռացել էր, թե ինչպես էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայկական ազգային դիվիզիաները Ուկրաինայի և Ղրիմի ծանր ճակատներում փրկում ուկրաինացի եղբայրներին և քույրերին Ֆաշիստական Գերմանիայից: Մի՞թե հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայերի դեմ կռվելով էին ուկրաինական ստոր ղեկավարները փոխհատուցում ուկրաինացիների համար թափված հայկական արյան դիմաց:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, եթե վերջինս իրեն այդքան քաջ ու ուժեղ է զգում, պետք է արդեն իսկ քսան տարվա ռազմական հռետորաբանության փոխարեն անցներ իրական գործողությունների: Այսօր Ադրբեջանում ավելի է ուժեղանում ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցությունը, որն ադրբեջանականից վաղուց վերածվել է ազգայինի և հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ իրեն ցույց կտա: Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսելու դեպքում վերջինիս՝ քաղաքական քարտեզին մնալը կդրվի հարցականի տակ:

– Սահմանի խախտման եւ հնարավոր ակտիվ գործողությունների դեպքում ինչպես կգնահատեք հայկական կողմի պատրաստվածությունն ու հնարավորությունները: Ինչ ելք է կանխատեսվում:

– Մենք ոչ ենք ասել պատերազմին, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք դրան: 1991-94թթ. մենք ոչնչից ստեղծեցինք մեր զինված ուժերը՝ գտնվելով շրջափակման մեջ, ինչպես նաև մեր տարածքում ունենալով բազմաթիվ ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք իրենց հերթին կրկնակի շրջափակում էին իրականացնում: Այսօր այդ խնդիրները չկան, կա Արցախի Հանրապետություն 150 հազար բնակչությամբ և 12 հազար քառակուսի կմ տարածքով, կայացած պետական ինստիտուտներով և ամենակարևորը՝ սեփական զինված ուժերով: Եթե անգամ բանակում կան բացասական երևույթներ, դա չի անդրադառնա մարտական գործողությունների որակի վրա:

Մեր ժողովուրդը միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայտնվել առաջին գծում՝ ընդհուպ երկրորդ գիծ ուղարկելով ժամկետային զինծառայողներին: Ռազմավարական և մարտավարական առումով մենք գտնվում ենք հարմար դիրքերում, որտեղ կազմակերպված է մեր պաշտպանությունը: Համոզված եմ, որ պատերազմի դեպքում մենք կարճ ժամանակում պաշտպանությունից կանցնենք հակահարձակման և կվարենք հարձակողական մարտեր: Այնպես որ՝ մենք միշտ պատրաստ ենք մարտի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս