Ինչպե՞ս է ստեղծվել Դալիի ամենահայտնի լուսանկարներից մեկը
Սալվադոր Դալիի ամենահայտնի լուսանկարներից մեկը 1948թ-ին արվել է Life ամսագրի լրագրող Ֆիլիպ Հալսմանի կողմից: Հայտնի լուսանկարչի կարծիքով` իր գործում կարեւորը ոչ թե կադրի կոմպոզիցիան է ու լույսը, այլեւ մարդու էությունը բացահայտելն ու ներկայացնելը, որպեսզի նկարահանման պահին հերոսն իրեն բնական վիճակում զգա: Դրան լավագույն կերպով հնարավոր է հասնել ցատկի ժամանակ, երբ մարդը չի վերահսկում դեմքի արտահայտությունն ու կենտրոնանում է գործողությունների վրա:
Հալսմանի «Ցատկ» կոչվող ֆոտոալբոմի թերեւս ամենահայտնի կադրը Սալվադոր Դալիի լուսանկարն է: Գաղափարն ու լուսանկարի անվանումը` «Ատոմային Դալի», Հալսմանը մասնակիորեն փոխառել է հենց հերոսից եւ նրա «Ատոմային Լեդա» կոչվող նկարից:
Կոմպոզիցիան բավականին բարդ է եղել: Հալսմանի ասիստենտները «երեք» հաշվի վրա դույլով ջուր են շփել, մյուսները նետել են կատուներին, իսկ «չորս» հաշվի վրա ցատկել է Դալին: Լուսանկարչի կինն այդ ողջ ընթացքում ձեռքով պահել է աթոռը:
Նկարահանումը վեց ժամ է տեւել: Կատուներին այս ու այն կողմ են շպրտել 28 անգամ, սակայն ավարտին նրանք այնպիսի տանջահար տեսք չեն ունեցել, որքան մարդիկ:
Հալսմանը, ի վերջո, հասել է նրան, որպեսզի լուսանկարում լինեն միայն Դալին, ջուրն ու կատուները: Սակայն Life ամսագիրը նախընտրել է հրապարակել այն կադրը, որտեղ երեւում է նաեւ աթոռը բռնած ձեռքը: Հիմա այդ լուսանկարի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում: