Կանաչ սոխի բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։
Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։
Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։
Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։
Սոխով թրմված որակյալ քացախը կիրառվում է դեղնախտի և փայծաղի մեծացման դեպքում։ Փայծաղի ֆունկցիաներից մեկը կայանում է նրանում, որ զտում է արյունը և հեռացնում արյան հոսքի միջից ծերացած` իրենց դարն ապրած թրոմբոցիտները, որոնք չհեռացվելու դեպքում կկուտակվեն անոթների պատերի վրա և խցանում կառաջացնեն։
Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։
Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։
Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։
Կանաչ սոխում պարունակվող արժեքավոր ֆիտոնցիդները կարելի է համարել դրա սեփական իմունային համակարգի հիմնական «զենքը», դրանց օգնությամբ սոխը պաշտպանվում է ցրտահարություններից և վնասատուներից։ Ֆիտոնցիդներն ունեն և հակաբակտերիալ, և հակամանրէ ակտիվություն, այդ իսկ պատճառով սոխը և սխտորն անփոխարինելի են համաճարակների ժամանակ։
Պարտադիր է իմանալ։ Սոխի վերոգրյալ հատկությունները տարածվում են նաև խլամիդիաների վրա. սրանք պատոգեն միկրոօրգանիզմներ են, որոնք ունեն և բակտերիաներին, և վարակներին բնորոշ հատկություններ։ Հակաբիոտիկ դեղերն անզոր են խլամիդիաների դեմ։ Ի տարբերություն այլ պատոգեն միկրօրգանիզմների` դրանք ապրում են մարդու օրգանիզմի բջիջների ներսում։
Գիտնականնեը կարծում են, որ խլամիդիաները կարող են փոխանցվել ոչ միայն սեռական ճանապարհով. Կա դրանց օդակաթիլային եղանակով տարածման վտանգ։
Ինձ հայտնի չէ, կա՞ արդյոք մի այլ բույս, որը կարող է ինչ-որ չափով պայքարել և բակտերիաների, և վարակների դեմ` բացի սոխից և սխտորից։ Արժե հիշել Վանգայի հետևյալ պայծառատեսությունը. «Քանի դեռ կա սխտորը (սոխը), մարդկությունը կգոյատևի»։ Արևելյան իմաստությունը սովորեցնում է. «Նա, ում գրկում սոխ կա, զերծ կմնա հիվանդություններից»։
Սոխի եթերային յուղերը հեշտությամբ են լուծվում բուսական և կենդանական յուղերի մեջ, դիմացկուն են ջերմային մշակման հանդեպ։
Կանաչ սոխն անհամեմատ շատ է օգտագործվում թարմ վիճակում, քան գլուխ սոխը կամ սխտորը։ Կանոնավոր ուտելու դեպքում ամրանում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաքրվում է արյունը, բարելավվում աղիների օգտակար միկրոֆլորան։ Սոխը վերականգնում է ուժերը, հանգստացնում է նյարդերը, օգտակար է մաստոպատիայի, պրոստատիտի, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի ու այլ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։
Անհերքելի փաստ է, որ սոխի մշակությամբ զբաղվող տնտեսություններում աշխատող բանվորները գործնականում չեն հիվանդանում գրիպով։
Անգինա, դիսբակտերիոզ, գլխացավ. Խմեք 1-ական թ/գ կանաչ սոխի հյութ` օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։
Գլխացավ. Խառնեք կանաչ սոխի սպիտակ մասից ստացված հյութը և մեղրը (1։1)։ Թրջոց դրեք քիմքին և ծոծրակին։ Ուժեղ ցավի դեպքում կաթեցրեք 1-ական կաթիլ քթանցքերին։
Գրիպ, մրսածություն. Աղացեք կանաչ սոխը (ցողունի և արմատի հետ միասին, 2 ժամ թրմեք տնական խնձորի քացախի մեջ (1։1), քամեք։ Նստվածքը խառնեք մեղրի հետ (1։1), կերեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։ Սոխով թրմված քացախով համեմեք աղցանները, ոլոռի շիլան։
Անեմիա. Շաբաթական 2-3 անգամ կերեք կանաչ սոխով համեմված 50-100 գ տավարի լյարդ։
Խպիպ. Աղացեք սոխի սպիտակ ցողունը և սոխուկը, լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, թրջոց դրեք վահանագեղձի հատվածին, ամրացրեք բրդյա կտորով, պահեք 1-3 ժամ։
Շաքարային դիաբետ. Պարտադիր ընդգրկեք կանաչ սոխը սննդակարգի մեջ` հատկապես ընթրիքին` աղցանների մեջ։ Սոխի հոտը կարելի է մեղմել 1-2 ընկույզի միջուկով, մաղադանոսով, կատարեք ողողում ընկույզի միջնապատերով պատրաստած 10 տոկոսանոց ոգեթուրմի ջրային լուծույթով։
- Մանրացրեք 500 գ կանաչ սոխ, անմիջապես լցրեք 700 մլ սպիտակ գինու մեջ, 48 ժամ թրմեք, քամեք, հումքը մզեք։ Խմեք 20-ական մլ` նախաճաշից և ընթրիքից 1 ժամ հետո։ Նստվածքը կարելի է ուտել։
Սկլերոտիկ բնույթի հիպերտոնիա, աթերոսկլերոզ. Խառնեք կանաչ սոխ և մեղր (1։1)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։ Շագանակագեղձի բորբոքման դեպքում` պարտադիր կերեք նաև քնելուց առաջ։ Հատկապես օգտակար է ապուզանի մեղրը։
Շագանակագեղձի բորբոքում. Աղացեք կանաչ սոխի սպիտակ ցողունը և սոխուկը, 100գ հումքը խառնեք 100 գ մեղրի հետ, 14 օր թրմեք 600 մլ չոր սպիտակ գինու մեջ, հով տեղում` կիպ փակված ապակե տարայում, օրը 1-2 անգամ թափահարեք։ Խմեք 1-2 ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Դեղամիջոցը կարելի է պատրաստել պրասասոխով, որի սպիտակ մսոտ ցողունի երկարությունը կարող է հասնել 10-50 սմ, իսկ տրամագիծը` 4-8 սմ։ Պրասասոխը հաճախ անվանում են «սպիտակ ոտիկ»։ Բույսի տերևներն արտաքուստ նման են սխտորի տերևներին։
Հեպատիտ. Մանրացրեք պրասասոխի սպիտակ ցողունը և սոխուկը, 300 գ հումքը 14 օր թրմեք 2 լ կարմիր գինու մեջ։ Խմեք 30 մլ` ընթրիքից հետո։
Բուժում է սոխի սերմը
Քարեր երիկամներում. 1 ճ/գ հումքը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 30 րոպե թրմեք ջրային բաղնիքի վրա` փակ տարայի մեջ, 1 ժամ թրմեք սենյակային պայմաններում, քամեք։
Խմեք 70-ական մլ` օրը 3-4 անգամ։ Շարունակեք 1 ամիս, խորհրդակցեք բժշկի հետ։
Պարոդոնտոզ, կարիես. 1 թ/գ հումքը 12 ժամ թրմեք 500 մլ տաք (60-70 C) ջրի մեջ` ջերմապահում, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 3-5 անգամ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: