Մկրտիչ Մինասյան. Ոչ իշխանական ուժերը հարցը քաղաքականացնում են

«Ես կարծում եմ, որ այդ բոլորը պետք է արվի ոչ թե քաղաքական ուժերի, այլ՝ մասնագետների կառույցի միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը դեմ քվեարկելու ՀՀԿ-ի որոշմանը:

Ըստ Մկրտիչ Մինասյանի, ոչ իշխանական ուժերը նման առաջարկով հանդես գալով հարցը քաղաքականացնում են: «Քաղաքականացման կարիք չկա, սա զուտ մասնագիտական խնդիր է և միայն մասնագետները կարող են ասել, լավ ուսումնասիրել և իրենց ոչ քաղաքական կարծիքը հայտնել: Որովհետև սա ոչ քաղաքական խնդիր է»,- նշեց նա:

Մեր հարցին, թե չե՞ք անհանգստանում այն հանգամանքից, որ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են քաղաքական լայն օրակարգով հանդես գալ, «ավելի առաջ գնալ», Մ. Մինասյանն այսպես արձագանքեց. «Դա իրենց իրավունքն է: Ես անհանգստացած չեմ՝ ամեն մարդ գնում է այնքան, ինչքան կարող է»:

Տեսանյութեր

Լրահոս