Բաժիններ՝

Վանաձորի քիմիական գործարանի վիճակը վիճակ չէ. գյուղատնտեսության փոխնախարար

Շուրջ 1.5 տարի առաջ՝ 2012 թ. հուլիսին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Վանաձորի քիմիական կոմբինատում քիմիական պարարտանյութերի արտադրություն սկսելու մասին: Կոմբինատն առաջին արտադրանքը պետք է տար աշնանը, սակայն մինչ օրս պարարտանյութերի արտադրությունն այդպես էլ չի սկսվել:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ անցած տարի, ոչ էլ այս տարի գործարանն ազոտական պարարտանյութ չի արտադրի, քանի որ «գործարանի ճակատագիրը լավ չէ»:

«Վանաձորի գործարանը պետք է արտադրեր, բայց վիճակը վիճակ չէ, և այն այսօր պատրաստակամ չէ ազոտական պարարտանյութ արտադրել: Նախարարների միջև կնքված փաստաթուղթը միայն հուշագիր էր, գործարանի հետ պայմանագիր չի կնքվել: Եթե հաջողվեր արտադրությունը սկսել, և ՀՀ-ում կարողանայինք պարարտանյութի արտադրություն կազմակերպել, հատկապես՝ ազոտականի, որի ներկրումների ծավալը տարեկան 30-35 հազար տոննա է նվազագույնը, շատ լավ կլիներ»,- ասաց Ս.Գալստյանը:

Հիշեցնենք, որ «Վանաձոր քիմպրոմի» վերագործարկման հարցն օրակարգում էր հայտնվել նախագահական ընտրությունների նախաշեմին, աշխատանքները սկսվել էին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, սակայն հուշագրի ստորագրման ժամանակ Սերգո Կարապետյանը կոչ էր արել չքաղաքականացնել հարցը, իսկ Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե անհրաժեշտ սարքավորումներն արդեն ներկրվել են, և գործարանում տեխնոլոգիական շղթան պատրաստ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս