Բաժիններ՝

Դպրոցները ջեռուցման համար խնայած գումարները գրպանո՞ւմ են

Անցած տարի դեկտեմբերին դպրոցների ջեռուցման խնդիրը բավականին վրդովվեցրել էր ծնողներին և ստիպել պաշտոնյաներին տարբեր կերպ փորձել արդարացում գտնել, թե աշակերտներն ինչու են ստիպված ցուրտ դասասենյակներում դաս անել, ինչու է ջեռուցման համակարգն անջատվում դասավարման պրոցեսի ավարտից 1-2 ժամ շուտ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե մայրաքաղաքի դպրոցները նախարարության ենթակայության տակ չեն, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ հայտարարեց, թե դպրոց առ դպրոց մտել ու զգուշացրել են չխնայել ջեռուցման վրա, քանի որ դրա ծախսերն ամբողջությամբ հոգալու է քաղաքապետարանը:

Այս դեպքում ինչո՞ւ էին դպրոցների տնօրեններն «ընդդիմանում» ու «վատամարդ» դառնում աշակերտների ու ծնողների առջև: Չէ՞ որ ինչքան էլ ամսվա վերջում կազմեր ջեռուցման ծախսը, միևնույն է, գումարն ամբողջությամբ հատկացնելու էր քաղաքապետարանը:

Խնդիրն այն է, որ դպրոցները ՊՈԱԿ-ներ են` Պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ֆինանսավորվում են գանձապետարանից և սուբսիդիա ստանալու նպատակով տարվա սկզբին լիազոր մարմնին նախահաշիվ են ներկայացնում: Տարվա վերջում դպրոցների տնօրենները ներկայացնում են զեկուցագիր՝ ինչքան և ինչի համար են ծախսել, ինչքան միջոցներ են խնայել, օրինակ՝ ջեռուցման համար հատկացված գումարներից: Նաև զեկուցում են, որ այդ խնայողությունը որպես պարգևատրում տվել են աշխատակիցներին, ու խնդրում են հաստատել վերաձևակերպումը: Քաղաքապետարանը հաստատում է փոփոխությունը, այդպիսով՝ օրինականացնելով դասասենյակների ցուրտն ու գումարների վերաբաշխումը: Ընդ որում՝ այդ վերաբաշխումն էլ իրականում «գրպանում» է լինում: 168.am-ի տեղեկություններով՝ հիմնականում այդ պարգևատրումը շարքային ուսուցիչներին չի հասել, այլ մուտք է եղել տնօրենների անձնական բյուջե:

Նկատենք, որ այս տարվա ձմեռն ավելի խստաշունչ էր և, որքան էլ ցանկությունը մեծ լիներ, նախապես հաստատված գումարները հնարավոր չէր խնայել: Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի ամբողջ շղթա է, որ առնվազն պարզաբանման կարիք ունի: Այդ նպատակով մեր թղթակիցը մի քանի հարց է ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, մասնավորապես՝ Երևանի դպրոցների ջեռուցման համար 2013 թ. դեկտեմբերին ինչքա՞ն գումար է նախատեսված եղել բյուջեով, փաստացի ի՞նչ ծախս է արվել ջեռուցման համար, դասավարման ընթացքում ի՞նչ ջերմաստիճան է ապահվվել դասասենյակներում, խնայված գումարները որքա՞ն են կազմել, ի՞նչ նպատակի են ուղղվել, և արդյոք դպրոցների աշխատակիցներին պարգևատրում տրվե՞լ է դեկտեմբերին: Քաղաքապետարանից պատասխան ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս