Գուրգեն Եղիազարյան. Հասել ենք էն վիճակի, որ սրանք հիմարի ժպիտով տարբեր ահաբեկիչների հետ են նկարվում

168.amի հարցազրույցը քաղաքական գործիչ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի հետ

– Ստեղծված ներքաղաքական իրավիճակն իշխանափոխության համար նպաստավո՞ր է:

– Ես կարծում եմ, որ արդեն իշխանության գնալու ժամանակն է: Դե, արդեն երկիր չեն թողել. արտագաղթը ոչ մի կերպ չի կանգնում, տնտեսությունը վերականգնել չեն կարող: Մի խոսքով՝ պետություն չի մնացել: Հասել ենք էն վիճակի, որ սրանք շարքային ահաբեկիչների հետ նկարվում են: Տեռորիստական մի կազմակերպության անդամի, որը նույն Թուրքիայում այսօր արգելված է, շտապ կայանն էլ գտնվում է Բաքվում, նկարվում է մեր ոսկի վաճառողի հետ (նկատի ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին.- Տ.Մ.): Թուրքիայի կառավարությունն 80-ականներին դրանց դատապարտեց գնդակահարության, իսկ մերոնք գնում ու հանդիպում են դրանց: Ու ես չեմ զարմանում՝ Հայաստանում ամեն ինչն է հնարավոր, սկսած օֆշորում մարդուն շպրտելուց, ոսկին վաճառելուց՝ մինչև շարքային ահաբեկչի հետ նկարվելը, որը խաղաղ երթի ժամանակ 101 մարդու գնդակահարել է, իսկ հիմա ամբողջ Եվրոպայով մեկ թմրանյութի առևտրով է զբաղվում: Եթե դա ֆոտոմոնտաժ է, թող ասեն…

– Պարոն Եղիազարյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ մտավ, «գազային պայմանագրերը» վավերացվեցին, ասում եք, որ արտագաղթի թիվը մեծանում է, տնտեսական աճ ևս Հայաստանը չի արձանագրում: Այդ դեպքում ինչո՞ւ ոչ իշխանական ուժերը չեն բարձրացնում վարչապետի, կառավարության անդամների հրաժարականի հարցը և միայն խոսում են դրա հավանական լինելու մասին:

Կարդացեք նաև

– Տիգրան Սարգսյանի հրաժարականով չի: Էս ամեն ինչը մի հասցե ունի, մի տեր: Էդ տիրոջ անուն-ազգանունը Սերժ Սարգսյան ա:

Այդ դեպքում ինչո՞ւ Ս. Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում:

– Ես ցանկացած ամբիոնից պահանջում եմ Ս. Սարգսյանի հրաժարականը, ու, եթե նա խելք ունենա՝ հրաժարական կտա, կգնա: Հույս ունեմ, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում, շատ արագ, ուժերը կհամախմբվեն, լայն ճակատով դուրս կգանք մեր ներքին թշնամիների դեմ, որոնք մեր առաջին թշնամիներն են, որովհետև վարում են կործանարար քաղաքականություն, վերացնում են իմ և ձեր երկիրը: Ավելին՝ հիմարի ժպիտով գնում են, տարբեր ահաբեկիչների հետ նկարվում են:

– Հունվարի 18-ին Ազատության հրապարակում՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացվող հանրահավաքից հետո, քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժման անդամների հայտարարությունները տարբեր էին: Հարթակում կանգնածների մի կողմն ասում էր, թե սոցիալական խնդիրը պետք է վերածել իշխանափոխության առիթի, մի մասն էլ համարում է, որ պետք է բավարարվել փոքր հաղթանակներով և լուծել միայն ռեֆորմի հարցը: Դուք ո՞ր տեսակետին եք կողմնակից:

– Առաջին և վերջին խնդիրը պետք է լինի այն, որ ձերբազատվենք Սերժ Սարգսյանի հակահայկական, հակապետական գործունեությունից: Հայաթափումը, էս այլանդակությունները ու մնացած բաները մի բանի մասին են խոսում՝ Սարգսյանը չի տիրապետում դրությանը: Հիմա մենք ազգովի քանի՞ տարի պետք է սպասենք, որ էս մարդը (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- Տ.Մ.) աշխատել սովորի: Նրա հրաժարականի պահը ոչ միայն հասունացել, այլև՝ մի բան էլ անցել ա: Ս. Սարգսյանը խելք, նամուս ունենա, կասի՝ կներեք ժողովուրդ ջան, եկեք խելք-խելքի տանք, տեսնենք էս երկիրը ո՞նց ենք հասցրել սենց վիճակի: Բայց չի անում: Ինչի՞ չի անում: Գնացեք մի հատ հարց տվեք, ասեք՝ երկիրն ավերել եք, մինչև ե՞րբ եք պատրաստվում մնալ իշխանության, էն իշխանությանը, որը դուք ձեռք չեք բերել, մինչև ե՞րբ եք պատրաստվում մնալ՝ որպես բռնապետ:

Տեսանյութեր

Լրահոս