Բաժիններ՝

Վրաստանն ու Թուրքիան քննարկել են թուրք-մեսխեթցիներին վերադարձնելու հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Անկարայում գտնվող Չանքայա» նախագահական նստավայրում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Հանդիպման ժամանակ Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝  վստահություն հայտնելով, որ եթե Վրաստանի համար բարեկամական մյուս երկրներն էլ որդեգրեն նմանատիպ վճռական դիրքորոշում, ապա այդ խնդիրը շուտով կստանա իր լուծումը:

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ կիսում է Աբդուլլահ Գյուլի կարծիքը՝ կապված մեսխեթցի թուրքերի վերադարձի հետ: Մարգվելաշվիլիի խոսքերով՝ այդ հարցը պետք է լուծել մարդու իրավունքների շրջանակներում: Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել, որ Վրաստանի նախագահի կարգավիճակով իր առաջին պաշտոնական այցը կատարել է հենց դեպի Թուրքիա (Վիլնյուս մեկնելը չհաշված):

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նախորդ տարվա մարտի վերջին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է թուրք-մեսխեթցիներին վերադարձնելու հարցում օգնել Վրաստանին:

Մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մուսուլմաններ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։ 1944 թվականին Ստալինի հրամանով 90.000 մեսխեթցի թուրքեր մյուս անբարեհույս ժողովուրդների թվում բռնագաղթվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան:

1999 թվականի ապրիլի 27-ին դառնալով Եվրոպայի Խորհրդի 41-րդ անդամը` Վրաստանը պարտավորվել էր մինչև 2011 թվականն ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը: Վրաստանը մտադիր է թուրք-մեսխեթցիներին վերաբնակեցնել ողջ երկրում, սակայն Թուրքիան պնդում է, որ նրանք վերաբնակեցվեն Սամցխե-Ջավախքում:

Դա արվում է Վրաստանի միջոցով Թուրքիայից դեպի Ադրբեջան թյուրքական միջանցքի ստեղծման նպատակով` հաշվի առնելով, որ Քվեմո Քարթլիում (Բորչալու, Ադրբեջանին սահմանակից Վրաստանի ադրբեջանաբնակ շրջան) առկա ադրբեջանական մեծ բնակչությունը: Այսինքն, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև թյուրքական այդ միջանցքը պետք է անցնի Սամցխե-Ջավախքով ու Քվեմո Քարթլիով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս