Թուրքիան պատրաստ է օգնել Վրաստանին` թուրք-մեսխեթցիներին վերադարձնելու հարցում. Դավութօղլու
Georgians.ru-ի փոխանցմամբ`Թուրքիան պատրաստ է օգնել Վրաստանին` թուրք-մեսխեթցիներին (որոնց անվանում են նաև Ախալքալաքի թուրքեր) վերադարձնելու հարցում: Այս մասին մարտի 28-ին Բաթումում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Վերջինիս խոսքերով` Թուրքիան տվյալ հարցում համագործակցում է Վրաստանի կառավարության հետ և ցանկանում է իր ներդրումն ունենալ տվյալ հարցում. «Մուսուլման մեսխթեցիների վերադարձը Վրաստան հումանիտար և ոչ թե քաղաքական հարց է:
Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք օգնել նրանց վերաբնակեցմանը: Վստահ եմ, որ Վրաստան վերադառնալուց հետո մուսուլման մեսխեթցիները կդառնան վրացական հասարակության մասնիկը»:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը թուրք-մեսխեթցիներից ստացել է ընդամենը 5000 դիմում. «Այդ դիմումներից արդեն իսկ բավարարվել է 900-ը, շուտով կսկսվի հայրենադարձության գործընթացը: Վրաստանը հավատարիմ է ԵԽ-ին անդամակցելիս այդ մասին ստանձնած պարտավորությանը»:
Հիշեցնենք, որ մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։ 1944 թվականին Ստալինի հրամանով 90.000 մեսխեթցի թուրքեր մյուս անբարեհույս ժողովուրդների թվում բռնագաղթվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան:
1999 թվականմի ապրիլի 27-ին դառնալով Եվրոպայի Խորհրդի 41-րդ անդամը` Վրաստանը պարտավորվել էր մինչև 2011 թվականն ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը:
Ինչ վերաբերում է Դավութօղլուի այն հայտարարությանը, թե թուրք-մեսխեթցիների վերադարձման գործընթացը «քաղաքական հարց չէ», ապա հարկ է նշել, որ Վրաստանը մտադիր է թուրք-մեսխեթցիներին վերաբնակեցնել ողջ երկրում, սակայն Թուրքիան պնդում է, որ նրանք վերաբնակեցվեն Սամցխե-Ջավախքում:
Դա արվում է Վրաստանի միջոցով Թուրքիայից դեպի Ադրբեջան թյուրքական միջանցքի ստեղծման նպատակով` հաշվի առնելով, որ Քվեմո Քարթլիում (Բորչալու, Ադրբեջանին սահմանակից Վրաստանի ադրբեջանաբնակ շրջան) առկա ադրբեջանական մեծ բնակչությունը: Այսինքն, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև թյուրքական այդ միջանցքը պետք է անցնի Սամցխե-Ջավախքով ու Քվեմո Քարթլիով: