«Ժառանգության» ներկայացուցիչ. «Անկախության կորստի խնդիր կա»
«Այս քայլով իշխանությունները ևս մեկ անգամ մտնում են քաղաքացու գրպանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով այսօր նույնպես մասնակցում էր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին` «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի»:
Ըստ նրա` այսօր քաղաքացին վստահություն չունի այս համակարգի հանդեպ, քանի որ նրա աչքի առաջ է ոչ վաղ անցյալում փոշիացած խորհրդային ավանդների ճակատագիրը: Կարևորելով քաղաքացուն պարտադրելու դեմ որևէ ընդվզում` միաժամանակ Դավիթ Սանասարյանը գտնում է, որ Հայաստանը կանգնած է ավելի հրատապ խնդրի` ինքնիշխանության և անկախության կորստի վտանգի առջև: Սա, «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, պետք է գիտակցեն քաղաքական ուժերը, որոնք այսօր միացել էին հանրահավաքի մասնակիցներին:
«Ճիշտ է, այս և մի քանի այլ խնդիրներ քաղաքացուն տալիս են նեղություն, զրկում են նրան ինչ-որ մի բանից, բայց անկախության կորստի խնդիր կա: Եթե այդ քաղաքական ուժերը կարողանան գիտակցել, որ Մաքսային միություն, հետո էլ` Եվրասիական միություն մտնելով` Հայաստանը կորցնում է իր անկախությունը. և կոնկրետ, միասնական գործընթաց ձևավորեն, ես ինքս ամեն ինչ կանեմ, որ դա ունենա հաջողություն: Բայց եթե պետք է լինի կարճաժամկետ պրոցես` մի ակցիան արեցին, գնացին տուն, այդ դեպքում որևէ ակնկալիք չեմ ունենա»,- ասաց Դ. Սանասարյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած խնդիր ծագում է իշխանության լեգիտիմության պակասից, և, եթե այդ իշխանությունը չունի լեգիտիմություն, ապա նրան կարող են պարտադրել` «ինչպես պարտադրեցին գազի սակագնի բարձրացումը և Մաքսային միությանն անդամակցությունը»:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է այդ ուղերձը հասցնել հասարակությանը, Դ. Սանասարյանը պատասխանեց, թե անհրաժեշտ է իշխանական՝ «Մաքսային միությունում ամեն ինչ լավ է լինելու», թեզին հակառակ ներկայացնել իրականությունը. «Պետք է բացատրել, թե ինչ վիճակում էին միության ներկայիս անդամ-պետությունները մինչև Մաքսային միություն մտնելը և դրանից հետո: Օրինակ, այն, որ Ղազախստանը, լինելով Չինաստանին սահմանակից երկիր, այն ժամանակ ավելի լուրջ տնտեսական աճ ուներ, քան Մաքսային միություն մտնելուց հետո»:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվությանը և այն տեսությանը, թե նախկին նախագահը կարող է կապ ունենալ նշված գործընթացների հետ, այդ մասին էլ Դավիթ Սանասարյանն ասաց հետևյալը. «Եթե նկատի ունենք Ռոբերտ Քոչարանին, ապա նրա ցանկացած ակտիվություն ես բացասական եմ համարում, քանի որ իմ աչքից հեռու չեն այն տասը տարիները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրա նախագահության օրոք: Մինչ մեծ քաղաքականություն վերադառնալը` Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա Մարտի մեկի համար: Գոնե այդ մեկը շատ կոնկրետ է և բոլորի հիշողության մեջ է»: