Երթ՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի
Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Ինչպես 168.am-ին հայտնեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, հավաքից հետո տեղի կունենա երթ՝ Ազատության հրապարակ – Մաշտոց – Սայաթ-Նովա – Աբովյան – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան – Մաշտոց – Ազատության հրապարակ ուղիով:
«Հավաք-երթի նպատակներն են ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը»,- ասաց Հ. Ավետիսյանը՝ հավելլով, որ օրենքին դեմ են կարելի է ասել բոլորը՝ ՀՀ շարքային քաղաքացիները, խորհրդարանական 4 խմբակցությունները, ոչ խորհրդարանական ուժերը, Փաստաբանների պալատը, Հանրային խորհուրդը, քաղաքական և հասարակական կազմակերպություններ ու
նախաձեռնություններ, արվեստագետներ, արտիստներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ
և այլն, բացի ՀՀ գործող իշխանությունից:
Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ: