Բաժիններ՝

«Միկա Լիմիթեդը» հերքում է՝ «Ռոսնեֆտի» հետ գործարք չի կայացել

«Միկա Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրը, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել բոլոր «Միկա Լիմիթեդի» նավթային ակտիվները:

«Նման բան չկա, գործարք չի իրականացվել: Եթե մեր խմբի որևէ ընկերություն վաճառվի, դրա մասին մենք տեղյակ կպահենք»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրել էին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր իր բոլոր ակտիվներից, այդ թվում՝ նավթային բիզնեսից ձերբազատվելու մտադրության մասին:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը Բաղդասարովը վաճառելու է իր ընկերությունը, քանի որ այսուհետ «Ռոսնեֆտին» է վերապահվելու Հայաստան ավիավառելիք ներկրելու իրավունքը: Այդ նպատակով էր, որ անցած տարի ապրիլին նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի ՀՀ այցի ժամանակ հայտարարվեց «Ռոսնեֆտ» և նորաթուխ «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնության մասին՝ Հայաստանում ստեղծել նավթամթերքների մարքետինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն, և ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, ինչն էլ ողջունել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սեչինը հայտարարել էր, թե Հայաստանում նավթամթերքների՝ ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարման լուրջ ներուժ է առկա: Նաև հիշեցնենք, որ սա «Արմավիայի» սնանկության և, ըստ էության, Միկա Բաղդասարովի մենաշնորհային «դարաշրջանի» ավարտից հետո էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս