Բաժիններ՝

ԱՄՆ-ում մշակել են Սոչիից ամերիկացի մարզիկներին տարհանելու պլան

USA Today-ի փոխանցմամբ՝  Լեռնադահուկային սպորտի ամերիկյան ասոցիացիան (U.S. Ski and Snowboard Association) պատրաստել է Սոչիում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկացի մարզիկների տարհանման պլան՝ հաշվի առնելով այդ խաղերի ընթացքում հնարավոր հարձակումներն ու ահաբեկչությունները:

Դրա հետ կապված՝ Global Rescue մասնավոր պահապան ընկերությանը հանձնարարվել է պատրաստի ռեժիմով պահել հինգ ինքնաթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան Սոչիից դուրս բերել ամերիկյան պատվիրակությանը:

Այդ ընկերության ղեկավար Դեն Ռիչարդսը հայտարարել է, որ դա բացառիկ դեպք է՝ ընդգծելով, որ իրենք U.S. Ski and Snowboard Association-ի հետ համագործակցում են 2006 թվականից, սակայն երբեք չեն ձեռնարկվել անվտանգության այդօրինակ միջոցառումներ:

France-Presse լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ հունվարի 7-ից Սոչիում մտցվել են Օլիմպիական խաղերի պատմության մեջ անվտանգության ամենախիստ միջոցները:

Ռուսական իշխանությունները դրանում ներագրավել են անօդաչու թռչող սարքեր, «երկիր-օդ» դասի հրթիռներ, ինչպես նաև ավելի քան 37.000 ոստիկան ու զինծառայող: Դիտարկում է իրականացվելու նաև արբանյակների օգնությամբ: Հնարավոր ահաբեկչության վտանգն էականորեն մեծացավ Վոլգոգրադի պայթյուններից հետո:

«Ռուսաստանի թիվ մեկ թշնամի», իսլամական ծայրահեղականների առաջնորդներից Դոկու Ումարովն ավելի վաղ սպառնացել է տապալել Սոչիում օլիմպիական խաղերի անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս