Ինչ դիտարկումներ արվեցին Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ

Այսօր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը: Տարոն Մարգարյանը պաշտպանեց «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով ատենախոսությունը և նրան միաձայն շնորհվեց տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նախ մինչ այդ ընթերցվեց ատենախոսության ընդդիմախոսի կարծիքը, ով բացի դրական խոսքերից՝ խոսել էր նաև աշխատանքի թերությունների մասին:

Ընդդիմախոսը նշել էր, թե գիտական աշխատանքը կշահեր, եթե Երևանի զարգացման խնդիներին ավելի մեծ ուշադրություն դարձվեր, եթե հեղինակը ներկայացներ վարչական համայնքների համեմատություն, ապա նշել էր, որ աշխատանքում առկա են խմբագրական բնույթի սխալներ:
Տարոն Մարգարյանն էլ ասաց, թե ընդունում է դիտարկումները, ապա արդարացավ, որ աշխատանքի ծավալը սահմանափակ է, հնարավոր չէր շարադրել ամեն ինչ, իսկ խմբագրական թերության համար ներողություն խնդրեց: Տարոն Մարգարյանի գիտական ղեկավար, բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն էլ ասաց, թե ատենախոսության թեման արդիական է, իսկ հեղինակը, ով իր առջև նպատակներ էր դրել, հստակ լուծում է տվել դրանց: Ի դեպ, Տարոն Մարգարյանը վարժ նախապատրաստել էր ոչ միայն իր ելույթը, այլև ընդդիմախոսների և գիտական ղեկավարի դիտարկումների վերաբերյալ պատասխան ելույթները: Դրա մասին էր վկայում այն, որ նա ընթերցում էր պատասխանելիս:

Ուշագրավ էր դասախոսներից մեկի տեսակետը, ով նախ քաղաքապետի ելույթն ու հարցերին պատասխանելու ոճը որակեց որպես հանգիստ, ապա, իր խոսքն ուղղելով Տարոն Մարգարյանին, ասաց. «Ինձ մտահոգում է Երևանի` թամանյանական նկարագրի կորուստը: Դա, իհարկե, մինչև Ձեր քաղաքապետ նշանակվելն էր եղել, բայց դա չի նշանակում, որ Դուք պատասխանատու չեք դրա համար: Թամանյանական Երևանը պետք է վերականգնվի…

Կամ՝ Հանրապետության հրապարակի մասին են հիմա խոսում, չգիտեմ` ինչո՞վ են մտածում, որ ուզում են Թամանյանի գծած հրապարակը վերակառուցել: Դուք խոսել եք նաև արտագաղթի մասին: Ես ուզում եմ ասել` չփակեք Երևանի ճանապարհը միայն նրա համար, որ մարդիկ մարզերից չգան Երևան: Չանե՛ք դա` դա դավաճանական կլինի Երևանի նկատմամբ:
Այնքան հարցեր կան էլի, որ կարելի է ասել… հիմա ասենք, որ մեծ, սիրուն ծառերը կտրում են, բերում են էն բիզնեսմենների թղթից ծառերն են դնում… Ես ուզում եմ, որ նկատի ունենաք այս ամենը: Ես, օրինակ, որ քաղաքապետ լինեի՝ Գրիգոր Հասրաթյանի գործունեությունը կուսամնասիրեի: Դուք էլ որպես քաղաքապետ ծանոթացեք նրա ոճին. նա լավ քաղաքապետ էր…»:

Կարդացեք նաև

Taron (3)

Taron (4)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս