Լևոն Զուրաբյան. ՎՊ աշխատանքի տակտիկան վերջին շրջանում փոխվել է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վերահսկիչ պալատի նախագայի պաշտոնում վվերաառաջադրված Իշխան Զաքարյանն, ինչպես տեղեկացրել ենք, այսօր հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ: Շուրջ 40 րոպե ՀԱԿ խմբակցությունում քննարկումներ անցկացնելուց հետո խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ի պատասխան այն հարցին, թե լուրջ հարցե՞ր էիք քննարկում Իշխան Զաքարյանի հետ, ասաց. «Մենք ամեն ինչ, ինչ անում ենք, շատ լուրջ ենք անում»:
Միաժամանակ նա նկատեց, թե ՎՊ աշխատանքի տակտիկան վերջին շրջանում փոխվել է. «Մենք խոսել ենք ընդհանրապես ՎՊ գործունեության մասին դեռ 2008 թվականից սկսած: Մենք շատ լուրջ խնդիրներ ենք ներկայացրել: Օրինակ, մենք տեսնում ենք, որ 2008-ի հաշվետվության մեջ կային քանակական, ընդհանրական գնահատականներ, որոնք թույլ էին տալիս հասկանալ՝ պետական բյուջեն թալանվում է: Մենք նկատել ենք նաև, որ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում օգտագործեց այդ թվերը՝ ՎՊ տակտիկան մի քիչ փոխվեց՝ քանակական, ընդհանրական գնահատականներից աշխատել են զերծ մնալ երևի այն պատճառով, որ ընդդիմության լեզուն երկար չլինի:
Մենք սրա մասին իր հետ խոսեցինք, ճիշտ է՝ ստացանք հավաստիացումներ, որ նման բան չկա, որ առաջիկա հաշվետվությունների մեջ կներկայացվեն այնպիսի մոտեցումներ, որոնք կհերքեն մեր մտահոգությունը, բայց փաստը մնում է փաստ:
Առաջին զեկույցներում մենք տեսել ենք միջինացված գնահատականներ, որոնք հիմված են պատահական ընտրանքի վրա, ինչը թույլ է տալիս ընդհանուր բյուջեի մսխման, վատման մասին ընդհանուր գնահատակններ տալ: Հիմա մենք նման ընդհանրական գնահատականներ չենք տեսնում, ինչի մասին մենք խոսեցինք՝ համարելով լուրջ խնդիր»:
Թե ինչո՞վ է ՎՊ աշխատանքի փոփոխությունը պայմանավորված՝ Լ. Զուրաբյանը ենթադրել չցանկացավ: Հարցին, թե գո՞ւցե դա կապված էր Սերժ Սարգսյանի խիստ գնահատականների հետ, որոնք հնչեցին ՎՊ նախագահի բացահայտումներից հետո, Լևոն Զուրաբյանն պատասխանեց.
«Դա խայտառակություն էր և ես դա գնահատել էի որպես նախագահի կողմից Սահմանադրության խախտում, որովհետև ՎՊ-ն անկախ մարմին է և եթե գործող նախագահը թույլ է տալիս իրեն նման պահվածք, նշանակում է խախտել է Սահմանադրությունը, ինչը կարող է նրան իմպիչմենտի ենթարկելու համար լրացուցիչ հիմք հանդիսանալ»:
Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ինքը վստահ է՝ Վերահսկիչ պալատի վրա գործադրվում են ճնշումներ. «Այդ ճնշումներն անգամ հրապարակային էին, այնպես չէ, որ մենք տեղեկություններ ունեինք, տեսա՞ք՝ ինչեր խոսվեց, թե գործող նախագահի կողմից, թե կառավարության անդամների, թե մեծամասնության: Նրանք էլ ցույց էին տալիս, որ ՎՊ վրա ճնշումներ էին գործադրվում: 2008-2010թթ. նման ճնշումներ չէին գործադրվում, ինչո՞ւ, որովհետև այն ժամանակ խորհրդարանում չկար ընդդիմություն, որը հենվելով ՎՊ զեկույցների վրա ցույց կտար բյուջեի միջոցների ինչպիսի խայտառակ վատնում, մսխում է տեղի ունենում: Հիմա իշխող կուսակցության համար հաշվետվությունները պրոբլեմ են դարձել, գլխացավանք, դրա համար էլ ճնշում են»:
Հարցին, թե ինչո՞ւ նախագահն, ըստ Ձեզ, քննադատությունից հետո վերաառաջադրեց Զաքարյանի թեկնածությունը, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք չգիտենք ինչ պայմանավորվածությամբ է ներկայացվում այս թեկնածությունը, միգուցե պայմանավորվածությունն այն է, որ քննադատության սրությունն այսուհետ պետք է իջեցվի՞, մենք չգիտենք: Սերժ Սարգսյանին մենք ընդհանրապես չենք վստահում, չենք համարում լեգիտիմ նախագահ ու չենք տեսնում, որ նա որևէ քայլ անում է կաշառակերությունը, կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ, չկա»:
Իսկ թե ինչպե՞ս է ՀԱԿ խմբակցոևթյունը քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը՝ Լևոն Զուրաբյանը չհայտնեց: Նա փոխանցեց միայն, որ իրենք քննարկել են, որոշել, բայց տեսակետ կարտահայտեն լիագումար նիստում: