Թուրքիան դեռ պատրաստ չէ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն. Տիգրան Սարգսյան

Ուկրաինական Сегодня թերթին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Սարգսյանը կարծում է, որ գոյություն ունի հարևան այդ երկրների հետ նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորություն.

«Դա անկասկած է, և մենք ձգտում ենք դրան ու հասկանում ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել այդ ուղղությամբ: Բանակցային գործընթացի շրջանակներում, որը բավական երկար ընթանում է ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի հետ, ձևակերպվել են մի շարք մոտեցումներ, որոնք ենթադրում են որոշակի փոխզիջումներ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից:

Մենք շատ կառուցողաբար ենք տրամադրված: Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ վաղ անցյալում հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաձեռնությամբ: Սակայն դժբախտաբար ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ դրան: Նա միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը և չի կարող հեռավորություն պահպանել նրանից»:

Ի պատասխան այն հարցին, թե «Հնարավո՞ր է՝ Թուրքիան առավել բարյացակամ տրամադրված լիներ Հայաստանի հանդեպ, եթե չլիներ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի սրբացման գաղափարը»՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ տվյալ նախաձեռնության հեղինակը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ՝ Հայկական եկեղեցին.

«Հայաստանն աշխարհիկ պետություն է, որքանով որ հայտնի է, Թուրքիան նույնպես հանդես է գալիս որպես աշխարհիկ երկիր, և դրա համար էլ չեմ կարծում, թե եկեղեցու կողմից այդօրինակ որոշումները պետք է խոչընդոտ հանդիսանան դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

Եթե միակցենք այդ երկու գործընթացները, ապա դժվար կլինի գտնել երկու հարևան երկիր, որոնք պատմության ընթացքում որևէ հակամարտություն ունեցած չլինեն միմյանց հետ: Նորմալ հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է նայել ապագային՝ իհարկե, չմոռանալով անցյալի դասերը: Իսկ անցյալում պետք է որոնել փաստարկներ, որոնք կօգնեն շարժվել առաջ:

Այդ տեսանկյունից մեր նախագահի նախաձեռնությունը միտված է ապագային, և ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումը ժամանակի հարց է: Թուրքիան դեռ պատրաստ չէ տվյալ հարցում քաղաքական կամք ցուցաբերելուն: Մյուս կողմից էլ նա այսօր ներկայանում է որպես մեկ ազգ, երկու պետություն: Թուքիան հենց այդ հարթակում է աջակցում Ադրբեջանին»:

Տեսանյութեր

Լրահոս