Ինչպե՞ս պաշտպանել և պաշտպանվել համակարգչային կախվածությունից

Հարցազրույց հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ

– Տիկին Ծատուրյան, ե՞րբ կարելի է համարել, որ մարդը կախվածություն ունի համակարգչից և ինտերնետից:

– Համակարգչից և ինտերնետից օգտվելու ընթացքը բաժանում են 4 փուլերի: Առաջին փուլում, եթե դեռահասը շաբաթական մինչև 7 ժամ նստում է համակարգչի առջև՝ նորմալ է համարվում: Այսինքն` ստացվում է, որ եթե նա օրը 1 ժամ հատկացնում է համակարգչին, ապա նաև կարողանում է դա անջատել և այլ բաներով զբաղվել, օրինակ` սպորտով, և այլն, ախորժակը տեղն է, դպրոցում դասերը լավ է սովորում, իսկ հագուստը կոկիկ է և ներկայանալի:

Երկրորդ փուլում, եթե երեխան համակարգչի մոտ անցկացնում է շաբաթական մինչև 15 ժամ, ապա նա զբաղվում է համակարգչային խաղերով և սոցիալական ցանցերով, արդեն սկսում է ծնողներին շատ բաներ չպատմել, համակարգիչն անջատում է միայն այն դեպքում, երբ այդ մասին իրեն հիշեցնում են, այսինքն՝ այս դեպքում ինքնուրույն չի անջատում: Սկսում է ջղայնանալ, երբ հուշում են, որպեսզի անջատի համակարգիչը, Ժամանակ առ ժամանակ գիշերային մղձավանջներ է ունենում, քնի մեջ կարող է գոռալ, խոսել, հագուստն ու սենյակը կամ միջավայրը, որտեղ նստում է՝ արդեն կոկիկ չեն:

Եվ, երրորդ փուլը, երբ երեխան նստում է համակարգչի մոտ շաբաթական մինչև 22 ժամ: Այդ դեպքում վերոնշյալ երևույթներն ավելի են սրվում: Այս դեպքում ծնողն արդեն մի քանի անգամ է հիշեցնում համակարգիչն անջատելու մասին, ախորժակը շատ ավելի է ընկնում, կամ, հակառակը՝ սկսում է սովորականից ավելի շատ ուտել, սկսում են նյութափոխանակության խանգարումներ, կամ շատ է քնում, կամ չի քնում: Ուսման հետ կապված արդեն խնդիրներ է ունենում, հագուստը, սենյակը և միջավայրը խառն է լինում, շրջապատը և ընկերներն էլ են փոխվում, նրա շրջապատում նոր մարդիկ են հայտնվում:

Ամենավատը չորրորդ փուլն է, երբ երեխան օրվա մեջ 3 ժամ և ավելի է նստում համակարգչի մոտ, այսինքն` շաբաթական մինիմում 21 ժամ, և տեղից չի շարժվում՝ տարված համակարգչային խաղերով, և ժամեր է անցկացնում սոցցանցում զրուցելով (chat): Նա անընդհատ իր էլ.փոստն ու հաղորդագրություններն է ստուգում, իսկ երբ հարցնում են, թե ինչո՞վ է զբաղված և ի՞նչ է անում համակարգչով, նա կատաղում է: Քունն ու ախորժակն աննորմալ են, և սկսում է շատ վատ սովորել: Դա արդեն կախվածություն է, և արդեն պետք է դիմել մասնագետի օգնությանը:

Այսինքն` եթե 1-ին և 2-րդ փուլերում նորմալ է, այսինքն` դա անհրաժեշտ է այժմյան ժամանակաշրջանում ապրելու համար, ուստի բավական է, որպեսզի ծնողը հետևի, որպեսզի այդ ամենը չխորանա, պետք է խոսի հետը, հասկանա, թե նա ինչո՞վ է զբաղվում, և այլն: Իսկ 3-րդ և 4-րդ փուլերն իրար շատ մոտ են, և լավ կլինի այդ երկուսի դեպքում ծնողները դիմեն մասնագետի օգնությանը:

Սակայն, եթե 3-րդ փուլի դեպքում ծնողը կարող է մասնագետից որոշ խորհուրդներ ստանալ, օրինակ` ուղղակի անջատել համակարգիչը, երեխայի առօրյան լցնել այլ զբաղմունքներով և նոր հետաքրքրություններ մտցնել նրա կյանք` որևէ սպորտով զբաղվել, լողի, ձիարշավարան գնալ և այլն, ապա 4-րդ փուլի դեպքում, եթե մասնագետին չդիմեն, ապա կարող է շատ վատ հետևանքներ լինեն, այսինքն` երեխան կարող է խանգարման ճանապարհը բռնել:

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն որպես հոգեկան խանգարման հնարավոր պատճառ` թմրամոլության, խաղամոլության, ալկոհոլիզմի կողքին, դիտարկում է նաև համակարգչային կախվածությունը, որը չորրորդ տեղում է:

– Ձեզ դիմո՞ւմ են այս ախտորոշմամբ մարդիկ: Սա նո՞ր երևույթ է, թե՞ տարիներ առաջ ևս հանդիպում էին նման դեպքեր:

– Նշեմ, որ տարիներ առաջ մեզ մոտ հոգեբանի դիմելու մշակույթ չկար, այնպես, ինչպես հիմա է: Այո, հիմա ավելի շատ են դիմում, թեև հստակ վիճակագրություն չեմ կարող ներկայացնել այս ուղղությամբ, քանի որ ես անհատ հոգեբան եմ: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ սկսել են դիմել հենց այս դեպքերի պատճառով, որովհետև մարդն ընկնում է շատ ծանր ներանձնային իրավիճակների մեջ, քանի որ այդ նույն սոցկայքերն օգտագործվում են` իբրև մարդուն խաբելու, մանիպուլյացիայի ենթարկելու և անդորրը խախտելու միջոցներ:

– Ըստ Ձեզ՝ առհասարակ ի՞նչն էր պատճառը, որ սոցիալական ցանցերն այդպիսի մեծ տարածում գտան:

– Կարծում եմ՝ հիմնականում այս ամենի պատճառն այն է, որ այդտեղ և այդ միջավայրում բավարարվում է մարդ արարածի ամենակարևոր պահանջներից մեկը՝ շփման պահանջը, այլ հարց է, թե մարդն ի՞նչ մշակույթի կրող է, ի՞նչ ընտանիքում է մեծացել, ազնի՞վ է, թե՞ ոչ, իր անվան տա՞կ է հանդես գալիս, թե՞ ոչ:

Ցավոք, այդ սոցիալական ցանցերում շատերն ասես դիմակի տակ են թաքնված, կարծես դիմակահանդես է: Ծանոթանում են ուրիշի անվան տակ, որպես բոլորովին այլ մարդ են հանդես գալիս, էջեր են բացում ուրիշի անվան տակ, իսկ իրենց այլ մարդու տեղ դնելը երբեմն ուղղակի դառնում է շատ վտանգավոր: Այսինքն` սոցցանցերի և պարզ, և ստվերային հատվածը կա, ինչպես էկոնոմիկայի պարագայում է, և ես չգիտեմ, թե ո՞րն է ավելի մեծ:

Ինտերնետի և ինտերնետից օգտվելու մասին մենք խոսում ենք այս վերջին 10 տարիների ընթացքում, և բոլորիս համար արդեն հասկանալի է, որ ինտերնետը կարելի է նմանեցնել ատոմային էներգիային. այն կարող է և բարի գործ կատարել, և նաև շատ չար գործեր կատարել: Ինտերնետից օգտվելու պարագայում միշտ պետք է հաշվի առնել, որ այն ինֆորմացիայի խոշորագույն աղբյուր է, բայց այդ ինֆորմացիան միշտ չի լիարժեք, միշտ չէ ճիշտ և միշտ չէ ջինջ: Օրինակ, Հաաստանում սեռական փոքրամասնությունները և այլք, այսինքն` մարդիկ, ովքեր այդքան էլ ընդունված չեն հատկապես հայ հասարակության մեջ, այս միջոցը կարողանում են հեշտությամբ օգտագործել, քանի որ այս հնարավորությունը նրանց «գործունեություն ծավալելու» ազատություն է տալիս, ուստի երիտասարդն այսօր պետք է շատ զգուշանա, որպեսզի հետագայում շատ ծանր վիճակների մեջ չհայտնվի:

Բացի այդ, նույն ինտերնետը կարող է և թրաֆիկինգի պատճառ դառնալ: Սոցցանցերն ամենակարևոր բանն են ապահովում` շփումը, և, օրինակ` մեծ տարիքի կանայք և աղջիկներ, ովքեր արդեն շփման միջավայր չունեն և միջավայրերը սպառել են և այլևս չեն կարող ծանոթանալ որևէ երիտասարդի հետ իրական կյանքում, ընկնում են սոցցանցերի մեջ, սկսում են շփվել դրսի ինչ-որ օգտատիրոջ հետ, նկարներ փոխանակել և այլն, իսկ հետո վերջինս նրան հրավիրում է չգիտես թե որ երկիր, ինչը, սակայն, իրականում կարող է իր մեջ թրաֆիկինգի վտանգ կրել:

Այսինքն` այստեղ կան լուրջ վտանգներ և ռիսկեր, իսկ որևէ մի բան անելիս պետք է անպայման հաշվարկել ռիսկերը ու հասկանալ, թե ինչպիսի վտանգների այդ ամենը կարող է հանգեցնել: Իհարկե, այդ ամենը կարող է նաև դրական հետևանքներ ունենալ, ինչպես ատոմային էներգիայի պարագայում է, սակայն կարող է և լրջագույն վտանգավոր, խոցելի հետևանքներ ունենալ:

– Նշում եք, որ սոցցանցերում իրացվում է մարդու կարևորագույն պահանջմունքներից մեկը` շփումը: Արդյո՞ք դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր ավելի շատ են շփվում այլ մարդկանց հետ, ավելի քիչ են լինում սոցցանցերում:

– Այո, իհարկե, իրենք ավելի քիչ են լինում սոցցանցերում: Օրինակ, ես հիպերշփման մեջ եմ, ես ամեն օր շփվում եմ իմ այցելուների հետ, իսկ Facebook-ում գրանցվել եմ` զուտ ինձ մի քիչ գովազդելու համար, այսինքն` դա, կարելի է ասել, որ PR, աշխատանքային գործիք է, որտեղ մարդիկ կարող են գտնել իմ հասցեն և այլն, սակայն սոցցանցն ինձ համար ինչ-որ մեկի հետ շփվելու կամ ինչ-որ մեկի հետ ծանոթանալու համար միջոց չէ, դա ինձ հարկավոր չէ շփման համար:

Մինչդեռ, օրինակ, ավելի երիտասարդների համար դա անձնական հարցերը դասավորելու, շփման այդ կարևորագույն պահանջմունքը բավարարելու ապահովմանն է ուղղված: Մյուս կողմից, որպես հոգեբան` անպայման ուզում եմ նշել, որ վիրտուալ աշխարհի մեջ զարգացած մարդու առջև արդեն մեկ այլ վտանգ է ծառացած. նա արդեն սովորական կյանքում շփվել չի կարողանում և չգիտի` ինչպես շփվել:

Այսինքն` մարդը հայտնվում է էմոցիոնալ աղքատության մեջ, քանի որ ինքն այդ վիրտուալ աշխարհում կարող է իրեն ցանկացածի տեղը դնել և ցանկացած կերպարով հանդես գալ, իսկ իրականում նա այդպես անել չի կարող, ու այստեղ մարդը սկսում է երկակի կյանքով ապրել: Սոցցանցերում նա իրեն մի ձևով է դրսևորում, այնինչ իրականության մեջ նա բոլորովին ուրիշ մարդ է:

– Խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ պետք է անել:

– Խնդրի լուծումըգ Օրինակ, ծնողը երեխաներին պետք է պոկի այդ բազկաթոռից և տանի սպորտի` լողի, շախմատի և այլ հետաքրքրություններ առաջացնի նրա մոտ: Այս դեպքում, սակայն, մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. ծնողն էլ ամբողջ օրն աշխատանքի է և զբաղված է ապրելու համար գումար վաստակելով:

Այսինքն` շատ բարդ է այդ խնդիրը լուծելը: Երեխային մեծացնելն ամենածանր աշխատանքն է աշխարհում, ես այդպես եմ կարծում, բայց ծնողը չի կարողանում շատ հաճախ համատեղել դա իր աշխատանքի հետ, իսկ արդյունքում նման վատ երևույթներ են առաջանում, ինչպիսին, օրինակ` համակարգչային կախվածությունն է: Անպայման ուզում եմ նշել, որ մենք իրավունք չունենք այս դեպքում որևէ մեկին մեղադրել, քանի որ նա ճարահատյալ է, ուստի չենք կարող ոչ քննադատել, և ոչ էլ մեղադրել որևէ մեկին, ես սա ցավով եմ նշում:

– Ինտերնետային կախվածությունն ի՞նչ վտանգների առջև կարող է կանգնեցնել:

– Ինտենետ կախվածությունը, նախ` ագրեսիվություն է առաջացնում, ինչը գալիս է շարժման պակասից և կուտակված էներգիայի մեծ պաշարից:

Այսինքն` նախկինում երեխան իր էներգիան սպառում էր, գնում էր բակ ու բակային խաղեր էր խաղում, իսկ այժմ այդ էներգիան կուտակվում է, ինքը որակապես փոխվում է և վնասում է հենց տվյալ մարդուն: Ուստի, ծնողն անպայման պետք է հետևի, առավել ևս, երբ իր երեխայի մոտ նկատում է ագրեսիվ վարքի դրսևորում, ու պետք է երեխային գոնե ինչ-որ մի սպորտի տա:

Այս ամենը սկզբունքորեն նույն կերպ է արտահայտվում նաև մեծահասակների պարագայում: Սակայն ավելի ցավալի դեպքեր էլ են լինում, օրինակ` Չինաստանում էր, երբ կինը թողել և մոռացել էր երեխային, ինչի արդյունքում վերջինս մահացել էր:
Իհարկե, սոցցանցերը երբեմն տխուր հետևանքների պատճառ են դառնում, սակայն, մյուս կողմից, եթե մարդն այդ ցանցերից չի օգտվում, ստացվում է, որ ինքը ժամանակակից չէ ու ասես հետամնաց լինի: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Նույն ինտերնետից ես այնքան հետաքրքիր և մասնագիտական նյութեր եմ վերցնում, որոնք կարևոր են ինձ համար:

Այսինքն` ինտերնետը մեզ տալիս է նոր և թարմ տեղեկատվություն ստանալու հնարավորություն, սակայն այն օգտագործելիս պետք է անպայման տարբերակել և խուսափել կասկածելի տեղեկատվական աղբյուրներից ու լուրերից: Այսօր մեզ մոտ շատացել են լրատվական կայքերը, ու պետք է, այսպես ասած, կողմնորոշվել այդ քաոսի մեջ ու կարողանալ տարբերակել օգտակարը` վնասակարից, բամբասանքը` արժեքավոր տեղեկատվությունից, և այլն:

Բացի այդ, շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք մեզ անհրաժե՞շտ է այդ տեղեկատվությունը, որը մեզ մատուցում են, և եթե անհրաժեշտ է, ապա ինչի՞ համար է այն մեզ պետք: Այսինքն` պետք է հաշվի առնել՝ ի՞նչ եմ ես քաղելու այն ընթերցելուց, կամ արդյոք այդ ինֆորմացիան ինձ, օրինակ, 1 տարի հետո պե՞տք է լինելու:

Մյուս կողմից, եթե մարդը դատարկ է և չունի իր նպատակներն ու անելիքները, ապա նա սկսում է ապրել ուրիշի կյանքով` իր կյանքով ապրելու և իր խնդիրները լուծելու փոխարեն: Կարծում եմ՝ սոցցանցերը հատկապես շոու-բիզնեսի մարդկանց համար է շատ օգտակար, նրանք այս գործիքն օգտագործում են իրենց PR-ի համար, ընդամենը:

– Վարքագծի մասին խոսեցիք, օրինակ` ագրեսիա, ուրիշ ի՞նչ ձևով դա կարող է դրսևորվել:

– Ինտերնետ կախումներն ունեն երկու մեծ ուղղություններ. մարդուն այն կարող է և ֆիզիկական մակարդակով վնաս պատճառել, և հոգեբանական: Կուզենայի իմ խոսքում ընդգծել զուտ առողջական խնդիրների մասին, որոնք առաջ են գալիս, երբ մարդը շատ է նստած համակարգչի առաջ, մասնավորապես` ինտերնետի: Հիշողության, տեսողության հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, հիպոդինամիկա (թերշարժունակություն), երբ մարդը չի շարժվում: Այսօր մասնագետները նաև աջ դաստակի խնդիր են տեսնում, քանի որ անընդհատ համակարգչային մկնիկն աջ ձեռքով են բռնում, և ձեռքը սկսում է չաշխատել: Իսկ հոգեբանական մակարդակի բազմաթիվ խնդիրների մասին արդեն խոսեցինք:

Ամփոփելով այս ամենը՝ կցանկանամ պարզապես նշել հետևյալը. քանի որ Հայաստանում մեր պոպուլյացիան շատ փոքր է, և հայ ընտանիքի համար երեխային չեն սովորեցնում ինքնուրույն մտածել, այլ դեռ փոքր տարիքից նրան որևէ բան բացատրելու փոխարեն` անընդհատ հուշում են՝ այսինչը լավ է, այնինչը վատ է, սա կարելի է, իսկ նա չի կարելի, նրան լուրջ վնաս են հասցնում:

Ընտրում են երեխայի նախասիրությունը, ապագա մասնագիտությունը և այլն, արդյունքում` այդ երեխան մեծանալով` չի հասկանում, որ ինքն է պատասխանատու իր կյանքի և իր ապագայի համար…

Չի հասկանում՝ ի՞նչն է իր համար վատ կամ լավ, ուստի չի կարողանում ինքնուրույն որոշումներ ընդունել, և, որ այդ նույն ժամերով համակարգչի առջև նստելը վնաս է իրեն: Իսկ երբ ծնողը զգուշացնում է դրա մասին, երեխան կարծում է, թե դա նրան ավելի պետք է, և իր կյանքը ավելի կարևոր է՛ ծնողի, քավորի, հորաքրոջ, մորաքրոջ և ուրիշի համար, քան հենց իր կյանքի համար, այլապես նա բոլորովին այլ կերպ կվարվեր իր կյանքի հետ:

«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս