Ֆիդանը կհանդիպի աֆրիկյան 14 պետության արտգործնախարարների հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 2-ից 3-ն Ջիբութիում մասնակցելու է «Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը հանդիպելու է աֆրիկյան 14 երկրի արտգործնախարարների հետ։ Նշվում է նաև, որ սա Թուրքիայից Ջիբութի առաջին այցն է ԱԳ նախարարի մակարդակով։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են 2022-2026թթ. «Համատեղ գործողությունների ծրագրում» տեղ գտած նախագծերի իրականացման համար աֆրիկացի գործընկերների հետ կատարվելիք քայլերը։
Բացի այդ, Ֆիդանն ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը «Աֆրիկյան միությանը» G20-ի լիիրավ անդամ դառնալու մասով։
Հիշեցնենք, որ համատեղ գործողությունների պլանն ընդունվել է 2021-ին անցկացված «Թուրքիա-Աֆրիկա գործընեկրության գագաթնաժողովում»։
Այն ենթադրում է մի շարք ծրագրերի իրականացում, որոնք վերաբերում են խաղաղությանը, անվտանգությանը, կառավարմանը, առևտրին, ներդրումներին, արդյունաբերությանը, կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին և ինովացիաներին, երիտասարների և կանանց զարգացմանը, ենթակառուցվածների զարգացմանն ու գյուղատնտեսությանը, ինչպես նաև առողջապահության զարգացմանը։