Նիկոլ Փաշինյանի կառավարման հայելային արտացոլանքը՝ քաղաքացիների պատասխանների մեջ

Շուրջ մեկ տարի առաջ 168.amյութուբյան ալիքը նախաձեռնեց հարցումների պրակտիկա՝ մեր հետևորդներին առաջադրելով երկրի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական-հասարակական կյանքին վերաբերող հարցեր: Մեկ տարի անց, ամփոփելով հարցումների պատասխանները, բավականին հետաքրքիր պատկեր ենք ստացել:

Եվ այսպես՝

Շուրջ մեկ տարի առաջ՝ հունվար ամսին, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող, և հենց ողբերգական դեպքի հաջորդ օրը՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպան փորձել է բենզինով վառարանը վառել, և հրդեհը բռնկվել է դրա հետևանքվ: Սա ըստ էության նշանակում էր ուղղորդել քննությունը: Այդ ժամանակ մենք հարցում արեցինք մեր քաղաքացիների շրջանում՝ հավատո՞ւմ են արդյոք հրդեհի փաշինյանական վարկածին:

Հարցմանը մասնակցել է 4700 մարդ: Մասնակիցների 84%-ը չի հավատացել այդ վարկածին:

Կարդացեք նաև

Շարունակելով թեման՝ մեր հետևորդների շրջանում ցանկացել էինք պարզել՝ ո՞վ պետք է հրաժարական տա Գեղարքունիքի զորամասի հրդեհի պատճառով: Հարցմանը մասնակցել էր 5700 քաղաքացի. նրանց 65%-ի կարծիքով՝ ողբերգությունից հետո կառավարությունն իր ողջ կազմով պետք է հրաժարականի դիմում ներկայացներ:

Մեր հաջորդ հարցումը վերաբերում էր կարմիր գծերի թանկացումներին: «Ո՞վ շահեց կարմիր գծերի թանկացումից» հարցին հարցմանը մասնակցած 7700 քաղաքացիների 50%-ը պատասխանել է՝ Նիկոլ Փաշինյանը, 22%-ը՝ Տիգրան Ավինյանը:

Հետաքրքիր պատկեր է գրանցվել նաև «Ի՞նչ նպատակով են Փաշինյանն ու իր կինը բեմադրում հեծանիվ-լոբի-խաշլամա շոուները» հարցման ժամանակ: Հարցմանը մասնակցած 3500 քաղաքացիների 68%-ը կարծում է, որ դրանք արվում են նոր տարածքներ հանձնելու նպատակով մարդկանց ուշադրությունը շեղելու համար:

Հաջորդ հարցումը Նիկոլ Փաշինյանի՝ հարսանիքներում ոչ թե զինվորի, այլ հարկ վճարողի կենացը խմելու առաջարկի մասին էր: Քաղաքացիներին հարցրել էինք՝ համաձա՞յն են արդյոք այդ գաղափարի հետ: Հարցմանը մասնակցած 4900 քաղաքացիների 89%-ն այդ գաղափարն անհեթեթ էր համարել:

Մյուս հարցումը հետևյալն է՝ «Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիների կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել 2018թ. հեղափոխությունից հետո»: Հարցմանը քվեարկել է 8100 քաղաքացի, և նրանց միայն համապատասխանաբար 23 և 4 %-ն է պատասխանել՝ այո և միանշանակ՝ այո՛: «Ո՛չ» և «Միանշանակ ո՛չ» է պատասխանել, համապատասխանաբար, 28 և 45%-ը:

Մեկ շաբաթ առաջ էլ մեր քաղաքացիներին հարցրել էինք՝ «Հավատո՞ւմ եք արդյոք, որ այս իշխանության օրոք առանց վիզայի Եվրոպա կմտնեք»: 5300 հոգի էր մասնակցել քվեարկությանը, և նրանց 72%-ը չի հավատացել այդ հեռանկարին:

Մեր քաղաքացիները նաև պնդում են՝ Հայաստանում սննդամթերքը թանկացել է: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությանը մասնակցած 5700 անձանց 96%-ը համոզված է դրանում:

Հարգելի քաղաքացիներ, դուք կարող եք մասնակցել մեր հաջորդ հարցումների քվեարկությանը 168.amյութուբյան ալիքում, իսկ մենք կշարունակենք հրապարակել մեր հաջորդ հարցումների արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս