Իրանը տրամադրված է իր միջուկային ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ վարելուն. Ռոուհանի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը տրամադրված է իր միջուկային ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ վարելուն և ակնկալում է, որ «Վեցյակի» կողմից կլինի համապատասխան մոտեցում.

«Մենք հուսով ենք, որ «Վեցյակը», ԱՄՆ-ի կառավարությունը և բոլոր գերտերություններն ու կառավարությունները կօգտվեն ստեղծված ջերմ մթնոլորտից, և ոչ ոք այն չի օգտագործի շահադիտական նպատակներով:

Ինչպես մենք հայտարարել ենք ավելի վաղ, և ներկայումս էլ հայտարարում ենք, մենք տրամադրված ենք լուրջ բանակցություններ անցկացնելուն: Մենք առաջնորդվում ենք տրամաբանության ու բանականության սկզբունքներով և ցանկանում ենք լուծել միջազգային հանրության հետ առկա խնդիրները»:

Նախագահի խոսքերով՝ Իրանը հուսով է հարգալից երկխոսության արժանանալ «Վեցյակի» կողմից՝ Իրանի համապարփակ իրավունքների պահպանման դեպքում, ինչը նախատեսում է, որ Իրանը խաղաղ նպատակներով կօգտվի միջուկային տեխնոլոգիաներից:

Իրանի ու «Վեցյակի» միջև փորձագետների մակարդակով հանդիպումը Վիեննայում անցկացվել է հոկտեմբերի 30-31-ին: Դրա նպատակն Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի նախապատրաստումն է, որն անցկացվելու է նոյեմբերի 7-8-ին, Ժնևում:

Տեսանյութեր

Լրահոս