Փորձագետ. Ռուսաստանի «բալանսը» չափվում է հայկական արյամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Մոսկվայից կազմակերպված տեսաասուլիսին ևս մեկ անգամ անդրադարձավ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառված ռազմատեխնիկայի վերջին խմբաքանակին` նշելով, թե հատկապես Հայաստանի անմիջական հարևաններին զենք վաճառելիս` «Ռուսաստանը հաշվի է առնում հավասարակշռությունը պահպանելու սկզբունքը»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօրվա ասուլիսում այսպես մեկնաբանեց Ն. Բորդյուժայի խոսքերը. «Սա բալանս է, որը չափվում արյամբ, հայկական արյամբ, որը թափվում է: Այդ բալանսի պահպանման կարիքը չպետք է լիներ, որովհետև Հայաստանն է ՀԱՊԿ-ի անդամ պետություն, ոչ թե Ադրբեջանը: Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ում ես հանդիպեցի անցած շաբաթ, շատ ավելի ազնիվ էր և օգտակար, ինչը ևս մի խնդիր է բարձրացնում` կապված ՀԱՊԿ-ի հետ: Հայաստանն այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է, և արդեն ժամանակն է, որ Ռուսաստանն ավելի մեծ հարգանքով վերաբերվի Հայաստանին, և Ռուսաստանի նախկին դեսպանի արած վիրավորանքներն անընդունելի են:

Հայաստանը ռազմական առումով ավելի ուժեղ դիրքերում է, բայց ոչ մի պետության համար վտանգ չի ներկայացնում, բայց որքան Ռուսաստանը բանեցնի իր, այսպես ասած, «բալանսը»` օգնելով Ադրբեջանին, այդքան ավելի մեծ վտանգ է ստեղծվում Հայաստանի առաջատար դիրքերի համար: Այլ խոսքերով ասած`Ռուսաստանը Իսլանդիային չի զինում, Ռուսաստանը զինում է Ադրբեջանին` այն երկրին, որն ամեն օր վերահաստատում է պատերազմը վերսկսելու իր մտադրությունը: Դա տեղավորվում է ադրբեջանցիների այն նույն քաղաքական հռետորաբանության մեջ, ըստ որի` «Երևանը հին ադրբեջանական տարածք է» և այլն: Ուստի, եթե սա Ռուսաստանի կողմից «բալանսի» պահպանում է, ապա դա շատ վտանգավոր բալանս է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս