Ինչու է համալրվում Հայաստանում ռուսական ռազմական բազան

Այսօր Մոսկվայից «Ռիա նովոստի» գործակալության կողմից կազմակերպվել էր տեսաասուլիս` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Ասուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հարց ուղղեցին, թե արդյոք Հայաստանում ռուսական բազան նոր ռազմական տեխնիկայով համալրելը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը վերականգնելո՞ւ նպատակով է կատարվում, հատկապես Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի վաճառքից հետո:

Ի պատասխան` Նիկոլայ Բորդյուժան ասաց.

«Գիտեք, հավասարակշռությունը միշտ էլ հաշվի է առնվում, Երևանում արդեն մեկ անգամ խոսել եմ դրա մասին, ինձ բազմիցս հարցրել են Ադրբեջանին զինամթերքի վերջին խմբաքանակի վաճառքի վերաբերյալ, և ես ասել եմ, որ ցանկացած երկրին զենք վաճառելու որոշման կայացման ժամանակ (հատկապես այնպիսի երկրի, որը գտնվում է Հայաստանի անմիջական հարևանությամբ) իհարկե հաշվի է առնվում ռազմական հավասարակշռության պահպանման պահանջը»:

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ուժերի, այդ թվում` 102-րդ բանակի  վերազինմանը, այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ այդ գործընթացն իրականում մշտական բնույթ է կրում, և այժմ աշխատանքներ են տարվում այդ ուժերը նոր տեսակի զենքերով համալրելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսին ռուսական լրատվամիջոցներից հայտնի դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 700 միլիոնից մոտ 1 մլրդ դոլար գնահատվող ռազմական գործարքի մասին: Նիկոլայ Բորդյուժան նույն ամսին Երևան կատարած այցի ժամանակ այդ տեղեկությունն այսպես մեկնաբանեց. «Ռուսաստանի Դաշնությունը զենքի ամենահզոր արտադրողներից և մատակարարներից է: Այն զենք է վաճառում տասնյակ երկրների, այդ թվում՝ և ոչ ՀԱՊԿ անդամներին: Սա բիզնես է, սա Ռուսաստանի Դաշնության շուկան է և տնտեսությունը: Դուք հարցնում եք կոնկրետ Կովկասի, Ադրբեջանի մասին, այլ հարց է, որ որոշման կայացման հիմքում դրվում է գլխավորը` Կովկասում հավասարության պահպանումը: Եվ այս գլխավոր սկզբունքը հաշվի է առվնել ձեր հարևանին զենք վաճառելիս»:

Տեսանյութեր

Լրահոս