Տիգրան Կարապետյան. «Փաստորեն, մենք արդեն գաղութացված ենք»
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ անհրաժեշտ է մի կողմ դնել ինտրիգները և ժողովրդին կենտրոնացնել գլխավոր հարցերի շուրջ:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե Մաքսային միություն մտնելու Հայաստանի հեռանկարը մտնո՞ւմ է այդ գլխավոր հարցերի մեջ:
«Ո´չ, ստից հարց ա: Ռուսը պարտադրում է, իրեն պետք է միավոր, ընդլայնել…Ոչ միայն մեզ է պարտադրում, Ուկրաինային նույնպես, դե այնտեղ մի քիչ դժվար է, ուզում է պարտադրել: Բայց մեզ ասեցին, մենք միանգամից համաձայնեցինք: Գիտեք` ինչ, դա հենց դրսի ուժերն են, որոնց մենք ապավինում ենք: Ես դեմ եմ, յուրաքանչյուր պարտադրանքի եմ դեմ, ի՞նչ մաքսային գոտի: Էդ մենք ի՞նչ ունենք, տուպիկի մեջ ենք: Խորհրդային հանարապետությունում ամենավերջին երկիրն էինք, երկաթգիծն այստեղ վերջանում էր, մետրոյի վերջին կայարանն էր: Ի՞նչ մաքսային գոտի, կամ կարելի՞ է մեր կշիռը համեմատել Ղազախստանի, Ռուսաստանի հետ: Պարզ է, որ դա ուղղակի պետք էր Պուտինին, գուցե որ չնայենք դեպի Եվրոպա»,- պատասխանեց Տիգրան Կարապետյանը:
Իսկ ի պատասխան մեր հարցին, թե արդյոք Հայաստանը գնո՞ւմ է դեպի գաղութացում` մտնելով Եվրասիական տնտեսական միություն, Տիգրան Կարապետյանն ասաց.
«Այո´, դուք գիտեք, որ Թուրքիան Եվրամիության համար մեծ միավոր է, իսկ ռուսների գերնպատակը Թուրքիայի հետ Եվրասիական միություն ստեղծելն է, չնայած որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Փաստորեն, մենք արդեն գաղութացված ենք, ավաղ»:
Տիգրան Կարապետյանը լավատես չէ նաև եվրոպական ինտեգրացիայի և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առումով: Նա հիշեցրեց, որ Եվրոպայի ղեկավարությունը մշտապես աջակցել է գործող իշխանությանը և որևէ կերպ չի օգնել Հայաստանի ընդդիմությանը:
«Չեն օգնում, գալիս ասում են` ձեզ մոտ ամեն ինչ լավ է, հանգիստ է: Չգիտեն, որ այստեղ նկարում են ընտրություններին, հանգիստ են նկարում»,- նշեց Տիգրան Կարապետյանը` ավելացնելով. «Ռուսների հանդեպ ոչ մի հակակրանք չունեմ, որովհետև իմ փողերը, իմ բիզնեսը, ինչ ունեմ` Ռուսաստանի շնորհիվ է, բայց ես դեմ եմ այն ցինիկ արտահայտություններին, թե «մենք ենք ձեր սահմանը պահում, ոտներս քաշենք, թուրքը կմտնի, մենք ենք զսպում Ադրբեջանին …»: Սա մեզ պատիվ չի բերում»: