Տիգրան Կարապետյանը` Սերժ Սարգսյանի մասին. «Մենք չգիտեի՞նք, որ ինքը խաղում է, գիտեինք, չէ՞» (տեսանյութ)

«Հայաստանում նորություն չկա, սցենարը նույնն է` շեղել ժողովրդին գլխավոր հարցից, որ իշխանությունն անարդար է և ոչ լեգիտիմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:

Ըստ նրա` գլխավոր խնդիրը ժողովրդի ներկայիս վիճակն է, ծանր ապրուստը, սակայն հասարակությունը հիմնականում զբաղված է  ինտրիգներով: Կարապետյանը գտնում է, որ Հայաստանում պետք է առաջանան այնպիսի ուժեր, որոնք չեն ապավինում դրսի աջակցությանը և կարող են կտրուկ փոխել իրավիճակը:

«Իրավիճակը սարսափելի է, սարսափելի, հայը լքում է իր հայրենիքը, հայն իր հայրենիքում վատ է ապրում»,- շեշտեց Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանը «ժողովրդին շեղելու» սերիայից է համարում նաև «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ԵԽԽՎ նստաշրջանին: Ավելին` նա գտնում է, որ այս պատմությունն ընդհանրապես իշխանության կազմակերպած դավադրությունն էր:

Կարդացեք նաև

«Հանրապետական պատգամավորը` այն էլ Հովիկ Աբրահամյանի թիմից, իր ձայնը տալիս է Զարուհի Փոստանջյանին: Ի գիտություն ձեզ` հանրապետականը, առանց ցուցում ստանալու, կնոպկա չի սեղմում…Հենց այնպես տալ ձայնը… պետք է ինտրիգ, պետք է  ժողովրդին շեղել, որն արդեն 20 տարի շատ լավ հաջողվում է իշխանությանը,- ասաց Տիգրան Կարապետյանը,-Մի ֆիլմ կա, որ ասում է` «меня мучают мутные сомнения», ՀՀԿ-ականն իր ձայնը տվել է` իմանալով Զարուհի Փոստանջյանի բնավորությունը»:

Մեր հարցին` ամեն դեպքում նման հարցի բարձրաձայնումը եվրոպական հարթակում հեղինակազրկում է Հայաստանի Հանրապետությանը, թե ոչ, նա պատասխանեց. «Այո´, ապավինել դրսի ուժերին, նշանակում է ցույց տալ, որ մենք ի վիճակի չենք ներսում բան փոխել: Հետո, գիտեք ինչ, մեծ առումով` կա գլխավոր խնդիր` մեր  իշխանությունն անարդար է, թալանչի է: Այդ գլխավոր խնդիրը թողած` երկրորդ խնդրի վրա ենք ուշադրություն դարձնում…Իշխանությունը միշտ պետք է պայքար ձևացնի, որ ինչ-որ ուժեր կան… Կազինոն մեղադրան չի, ի՞նչ կազինո, մենք չգիտեի՞նք, որ ինքը խաղում է, գիտեինք, չէ՞, առաջին անգամ չէ, որ բարձրացվում է այդ հարցը»:

Ի դեպ, Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Հայաստան և վերջին 6 ամիսների ընթացքում շրջագայել է ողջ աշխարհով մեկ` լինելով 9 երկրներում: Ասուլիսի վերջում Տիգրան Կարապետյանը կրկին վերադարձավ «կազինոների» թեմային:

«Երեկ էր, երբ էր, մի լրագրողուհի ասում է` «պարոն Կարապետյան, խաղատներ այցելո՞ւմ եք»: Ասեցի` բացի «գեյ» ակումբներից ամեն տեղ այցելում եմ»,- ծիծաղելով ասաց Տիգրան Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս