Լոլիկ` առեղծվածային բույսի բուժիչ գաղտնիքները

Բուժիչ նամակներ
Լոլիկի հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է։ Ինկերը և ացտեկները բույսն անվանել են «տոմատ»=«խոշոր պտուղ», որն օգտագործել են սննդի մեջ։ 16-րդ դարի սկզբին լոլիկը բերվեց Եվրոպա` որպես զարդաբույս, գնահատվում էր ծաղիկների և պտուղների գեղեցիկ տեսքի համար։ Իսպանիայում այն ստացավ «պոմպ դե Պերու», Իտալիայում` «պոմո դորո»=«ոսկե խնձոր», իսկ Ֆրանսիայում` «պոմ դը ամուր»=«սիրո խնձոր» անվանումները։

Երկար ժամանակ սիրախնձորը (հայերեն մասնագիտական գրականության մեջ կիրառվում են նաև այս և ոսկեխնձոր անվանումները) Եվրոպայում` թունավոր, իսկ ԱՄՆ-ում` խիստ թունավոր բույս էր համարվում։ Գտնվել են ապացույցներ, որ Ջորջ Վաշինգտոնին փորձել են թունավորել լոլիկով։

Եվրոպայի հայտնի բուսաբան Մատտիոլին լոլիկն անվանել է «անառողջ միրգ»=«mala insana»։ Լոլիկը պատկանում է մորմազգիների ընտանիքին, որն ընդգրկում է լոլիկին նման խիստ թունավոր բույսեր, որոշ քանակի թույն են պարունակում նաև լոլիկի բույսի կանաչ մասերը։
19-րդ դարի սկզբին գիտական աշխարհն ընդունեց, որ լոլիկի պտուղները ոչ միայն ուտելի, այլև օգտակար են, իսկ բույսի կանաչ մասերից ստացված պատրաստուկները կարելի է օգտագործել մշակաբույսերի մի շարք վնասատուներ ոչնչացնելու համար։

Քիմիական բաղադրությունը
Լոլիկը պարունակում է խնձորի, կիտրոնի, թրթնջուկի, գինու օրգանական թթուներ, նաև արժեքավոր սաթաթթու (տես` «168 Ժամ», 3.04.2012թ.)։
Լոլիկի պտուղը հարուստ է կալիումով (K-300 մգ` 100 գ հումքի մեջ), պարունակում է նաև կալցիում (Ca-14 մգ), ֆոսֆոր (P-26 մգ), մագնիում (Mg-20 մգ), նատրիում (Na-40 մգ)։ Լոլիկի դրական առանձնահատկություններից առաջին երկուսը հետևյալն են.

Կարդացեք նաև

  • Ca:P, Ca:K, Ca։Mg փոխհարաբերակցությունները բարենպաստ են կալցիումի և հետևաբար` նաև երկաթի և քրոմի յուրացման համար։
  • K:Na հարաբերությունը լոլիկի մեջ հավասար է 7-ի, օրգանիզմի ջրային բալանսը կարգավորելու համար բարենպաստ է K:Na=20 արժեքը, որը գրեթե պահպանվում է կանաչ ոլոռի (23) և վարունգի (17) մեջ։ Խորհուրդ չի տրվում լոլիկը կարտոֆիլի (K:Na=20) և աղի ուտեստների հետ։

Ջերմային մշակման ժամանակ պահպանվում են լոլիկի մեջ պարունակվող վիտամինները. 100 գ տոմատի մածուկի մեջ պարունակվում են 2-4 անգամ ավելի շատ օգտակար նյութեր, քան նույն քանակի թարմ լոլիկում։ Կարևոր է իմանալ, որ մածուկն ունի արագ բորբոսնելու հատկություն. գնեք հնարավորինս փոքր տարաներում փակված մածուկը։ Մածուկը բորբոսից պաշտպանելու համար մակերեսին լցրեք 1 թ/գ ձիթապտղի ձեթ։

Զգուշացում։ Կտրականապես արգելվում է ուտել մթերքը, եթե դրա վրա կա թեկուզ չնչին բորբոսի հետք, քանի որ այն շատ արագ թափանցում է սննդամթերքի ներքին շերտի մեջ։ Բացառություն է կազմում միայն պանիրը, այն կարելի է ուտել, եթե համոզված եք, որ բորբոսի շերտը հեռացված է։
Տոմատի մածուկի մեջ պահպանվում է նաև լոլիկում պարունակվող արժեքավոր լիկոպինը, այս նյութը բնության մեջ հայտնի ամենաազդեցիկ հակաօքսիդանտ նյութերից մեկն է։

Կարևոր է իմանալ, որ լիկոպին յուրացվում է միայն ճարպային միջավայրում։ Պարզվել է, որ լիկոպինն անմիջականորեն ազդում է այն գեների վրա, որոնք պատասխանատու են բջիջների բաժանման համար` ապահովելով դրանց անխափան աշխատանքը։
Լիկոպինն ունի հակաուռուցքային հատկություն։ ԱՄՆ-ի և Կանադայի բժիշկներն ապացուցել են, որ նույն տարիքի տղամարդկանց շրջանում շագանակագեղձի ուռուցք (ադենոմա) ունեցող հիվանդների մոտ լիկոպինի բաղադրությունն արյան մեջ ավելի ցածր է։

Կան տեղեկություններ, որ լոլիկի կանոնավոր ընդգրկումը սննդակարգի մեջ կարող է օգտակար լինել կանանց անպտղության համալիր բուժման ընթացքում։
Հետաքրքիր հատկություններ ունի լոլիկի չորացած կեղևի և սերմի փոշին։ Այն ուժեղացնում է լիկոպինի օգտակար ազդեցությունը։ Ենթադրվում է, որ լոլիկը պարունակում է որոշ դեռ չբացահայտված նյութեր։
Լիկոպինը շատ է ելակի մեջ, պարունակվում է նաև դեղձի, ծիրանի, բուլղարական քաղցր պղպեղի մեջ։

Լոլիկը` որպես դեղամիջոց
Թարմ լոլիկը և դրանից ստացված հյութը նպաստում են տարեց մարդկանց տեսողության և հիշողության պահպանմանը։
Վերջին տարիներին շոտլանդացի գիտնականները փորձնական եղանակով ապացուցել են, որ լոլիկի սերմերը պարունակում են արյունը հեղուկացնող նյութեր, ընդ որում, 200 մլ լոլիկի թարմ հյութ խմելու դեպքում` դրա բարերար ազդեցությունը պահպանվում է 18 ժամ։ Լոլիկի հյութն օգտակար է հաճախակի օդային տրանսպորտից օգտվող և ծխող անձանց։

Ըստ որոշ տվյալների` 200 մլ թարմ հյութի մեջ պարունակվում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ քրոմի 1 օրվա պահանջարկի մոտ 75 տոկոսը, C վիտամինի 46,7 տոկոսը, բետա-կարոտինի 24 տոկոսը։ Քրոմը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ, նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը, կանխարգելում է ճարպակալումը, մասնակցում է ԴՆԹ-ի գոյացմանը և հյուսվածքների աճին։ Լոլիկի հյութի մեջ պարունակվող քրոմը լավ է յուրացվում մարդու օրգանիզմում։
Բացի վերոգրյալ հատկություններից` լոլիկն ունի նաև միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային, թույլ լուծողական, արյունատար մազանոթներն ամրացնող, հակասկլերոտիկ հատկություններ։

Զգուշացում։ Լոլիկը չի կարելի ուտել թունավորումների դեպքում։ Պետք է խորհրդակցել բժշկի հետ` ստամոքսաբորբ, ստամոքսի խոց, պանկրեատիտ, խոլեցիստիտ հիվանդությունների դեպքում։
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս