Իսրայելն առաջին անգամ արաբին ճանաչել է բարեպաշտ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական «Յադ Վաշեմ» թանգարան-արխիվը «աշխարհի ժողովուրդների բարեպաշտ» է ճանաչել եգիպտացի բժիշկ Մոհամեդ Հելմիին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգնել է մի շարք հրեաների՝ փրկվելու նացիստներից:
Նա դարձել է արաբական պետության առաջին քաղաքացին, ով արժանացել է նման կոչման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում բնակված եգիպտացի բժիշկն օգնել է 21-ամյա հրեա Աննա Բորոսին թաքնվել քաղաքից դուրս գտնվող իր տանը և փրկվել:
Դրանով իսկ եգիպտացին մեծ ռիսկի է դիմել: Բացի այդ, Հելմին տարբեր տիպի օգնություն, այդ թվում նաև բժշկական, է ցուցաբարել աղջկա հարազատներին: Հելմին մահացել է 1982 թվականին:
«Յադ Վաշեմը» «աշխարհի ժողովուրդների բարեպաշտ» է ճանաչում այն ոչ հրեաներին, որոնք հրեաներին օգնել են փրկվել ֆաշիստներից ու նացիստներից՝ դրանով իսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Այդ պարգևը սկսել են շնորհել 1963 թվականին, և ցայժմ դրան արժանացել է աշխարհի 44 երկրի ավելի քան 24.000 մարդ: