Իլհամ Ալիևն Ադրբեջանը վերածել է իր հոլդինգի. Ջամիլ Հասանլի
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին մյուս թեկնածուների հետ հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանը վերածել է իր հոլդինգի:
Դիմելով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղար Ալի Ահմեդովին՝ Հասանլին հաշվետվություն է պահանջել իշխող էլիտայի կողմից երկրից դուրս բերված 48 միլիարդ դոլարի մասին:
Նա նաև հիշեցրել է, որ արդեն իսկ լրացրել է «Գյուլյարգեյթի» (ԵԱԿ-ի նախկին ներկայացուցիչ, պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի կողմից պատագամավորական աթոռ վաճառելու փորձը) մեկ տարին: Դրա հետ կապված՝ Հասանլին ընդգծել է, որ ԵԱԿ-ի նախագահը կա՛մ նվիրում է պատգամավորական աթոռները, կա՛մ էլ վաճառում է դրանք:
Ալի Ահմեդովը հերքել է, որ Ադրբեջանից դուրս է բերվել 48 միլիարդ դոլար, իսկ «Գյուլյարգեյթի» հետ կապված՝ հայտարարել է, որ նա պատասխանատվության է ենթարկվել և շուտով կկանգնի դատարանի առջև: Նա Հասանլիին մեղադրել է ռևանշիստական ելույթ ունենալու մեջ:
Անդրադառնալով Ադրբեջանի տարբեր ոլորտներում տիրող մոնոպոլիաներին՝ Հասանլին հայտարարել է, որ իրականում Ադրբեջանում կա միայն մեկ մոնոպոլիստ: Դա Իլհամ Ալիևն է, ով երկիրը ղեկավարում է այնպես, կարծես թե հոլդինգ է ղեկավարում: Հասանլիի խոսքերով՝ բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր իրավիճակում: Երբ Հասանլին հեռանալիս է եղել ստուդիայից, նրան անվանել են դավաճան: