Ինչպես «քցել» գործազուրկներին
Ծանոթներիցս մեկը վերջերս մի դեպք պատմեց, որը թեև ամիսներ առաջ է տեղի ունեցել, սակայն շատ լավ օրինակ է՝ ինչպես է պետությունը քաղաքացուն մի ձեռքով գումար տալիս, մյուսով՝ մտնում նույն քաղաքացու գրպանն ու հանում իր տված գումարը՝ տոկոսներով հանդերձ։
Սկսենք ամենասկզբից։ Զրուցակիցս երկար տարիներ աշխատել է պետական բուժհիմնարկներից մեկում։ 2011թ. սկզբին նրան աշխատանքից ազատել են՝ «կրճատման տակ է ընկել»։ Ծանոթները խորհուրդ են տվել մինչև աշխատանք գտնելը դիմել Զբաղվածության պետական ծառայություն և գոնե գործազրկության նպաստ ստանալ՝ ամսական 18 հազար դրամ։ Հետևելով այդ խորհրդին՝ նա գրանցվել է Զբաղվածության պետական ծառայությունումգ որպես գործազուրկ, և ստացել է գործազրկության նպաստ՝ ամսական 18 հազար դրամի չափով։
2011թ. հոկտեմբերին նրան տեղեկացնում են, որ Ազգային վիճակագրական ծառայությունը մարդահամար անցկացնելու համար ժամանակավոր աշխատողների՝ հաշվառողների կարիք ունի։ 10 օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 30-40 հազար դրամ։ Քաղաքացին դիմում է ԱՎԾ, 10 օր չարչարվում, տնից տուն անցնելով հաշվառում բնակիչներին, հարցաթերթիկներ լրացնում, ստանում 40 հազար դրամն ու կրկին մնում առանց աշխատանքի՝ ապավինելով 18 հազար դրամ նպաստին։
Եվ հանկարծ 2013 թվականի փետրվարին մի տհաճ ծանուցում է ստանում Զբաղվածության ծառայության տարածքային կենտրոնից` «ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու պատճառով ստացած գործազրկության նպաստի գումարի վերադարձման» պահանջով։
Պարզ ասած՝ մարդուն տեղեկացնում են, որ նա խաբել է պետությանը՝ թաքցրել է իր՝ աշխատելու փաստը, որի հետևանքով ոչ միայն զրկվում է նպաստից, այլև պետք է վերադարձնի 2012 թվականի ընթացքում ստացած նպաստն ամբողջությամբգ տուգանքով հանդերձ։ Մոտ 160 հազար դրամ։ Հակառակ դեպքում, ինչպես նշված է ծանուցման մեջ, գումարը կբռնագանձվի դատական կարգով։ Առանց այդ էլ սոցիալական ծանր կացության մեջ գտնվող մարդը հայտնվում է շոկի մեջ։ Երբ այցելում է ԶՏԿ, նրան պարզաբանում են, որ մարդահամարի աշխատանքներին մասնակցելիս պետք է համապատասխան տեղեկանք ներկայացներ, որպեսզի նպաստի վճարումը դադարեցվեր։ Գործազուրկի պատճառաբանությունները, որ ինքն այդ մասին չի իմացել, որ ոչինչ չի թաքցրել, որ աշխատել է ընդամենը 10 օր, այն էլ ոչ թե ստվերային, այլ պետական կառույցում, որ միևնույն է՝ դրանից հետո ինքը չի աշխատելգ որևէ մեկին չեն հետաքրքրում։ Ասում են՝ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում. պետք է վճարես և վերջ։
Նպաստառու, անապահով մարդը կանգնում է փաստի առաջ՝ անիծելով թե՛ իր գործազուրկ գրանցվելու, թե՛ ԱՎԾ-ի հետ գործ բռնելու օրը։
Քաղաքացին նաև պատմել էր, որ իր այցելելու պահին զբաղվածության տարածքային կենտրոնում հանդիպել էր նույն վիճակում հայտնված մեծ թվով մարդկանց։ Նշենք, որ, մեր տվյալներով, 2011 թվականի հոկտեմբերին հանրապետությունում մարդահամարի աշխատանքներին մասնակցելու (մասնավորապես, հաշվառում իրականացնելու համար) ներգրավվել է 10-12 հազար հոգի։ Հասկանալի է, որ այդ աշխատանքին համաձայնել են հիմնականում այն մարդիկ, ովքեր գործազուրկ են կամ անապահով։ Թե նրանցից քանիսն են այդ աշխատանքից հետո հայտնվել նման վիճակում՝ ստույգ տվյալներ չկան։ Սակայն կարելի է ենթադրել, որ գործազրկության նպաստից զրկվել են հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ։
Թվում է՝ պետական կառույցը ճիշտ է վարվել, որովհետև օրենքն իրոք նախատեսում է նպաստի դադարեցում և վճարված գումարների վերադարձ, եթե խախտում է կատարվել (այս դեպքում՝ տեղյակ չի պահվել աշխատանքի անցնելու փաստի մասին), սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։
Նախ կա մի մանրուք, որը կարող է աննշան թվալ, սակայն խոսում է պատկան մարմինների փնթի աշխատաոճի մասին։ Այսպես, ծանուցման մեջ հղում է արվում «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետին։ Աբսուրդն այն է, որ նշյալ օրենքի 38-րդ հոդվածը 5-րդ կետգ չունի։ Ավելի ճիշտ՝ ի սկզբանե նման կետ եղել է, սակայն ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի դեկտեմբերին։ Ծանուցումներն, ինչպես նշեցինք, ուղարկվել են 2013 թվականին։ Զբաղվածության պետական ծառայությունից մեզ ասացին, որ դա պարզապես վրիպակ է. պետք է հղում արվեր 38.1 հոդվածին։ Դրա առաջին կետի համաձայն` Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակում անձի ստացած ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները: Իսկ երկրորդ կետով նշվում է, որ ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:
Անցնենք առաջ։
Նախ՝ աշխատանքի ընդունվելու փաստը թաքցնելը, այս դեպքում, չափազանցություն է։ Որովհետև խոսքը ոչ թե ստվերային աշխատանքի, այլ պետական կառույցի մասին է, որտեղ ամեն ինչ գրանցվում է։ Բացի այդ, թեպետ քաղաքացիները նախապես զգուշացվել են, որ աշխատանքի տեղավորվելու պարագայում պետք է տեղյակ պահեն Զբաղվածության ծառայությանը, սակայն նրանցից շատերի մտքով չի էլ անցել, որ ԱՎԾ-ի համար 10 օր հաշվառում կատարելը համարվում է աշխատանքի անցնել (թեկուզ ժամանակավոր)։ Եվ վերջապես, այդ մարդկանցից շատերին ԱՎԾ-ում աշխատելու հնարավորության մասին տեղեկացրել են հենց զբաղվածության ծառայություններում։ Սակայն «մոռացել են» զգուշացնել, որ 30-40 հազար դրամ ստանալու փոխարեն իրենք զրկվելու են հաջորդ ամիսներին վճարվելիք 18 հազար դրամներից։
Այսինքն՝ սա չափազանց արդյունավետ գործարք է պետական բյուջեի միջոցները գործազուրկների հաշվին խնայելու տեսանկյունից։ Մարդուն տալիս են 30-40 հազար և զրկում 100-150 հազարից։ Սա հիշեցնում է այն անեկդոտը, որ հարբեցող ամուսինը, տուն վերադառնալով, կնոջը ծեծելու առիթ է փնտրում և հրամայում նրան սենյակի լույսը վառել։ Հետո հրամայում է անջատել, նորից վառել։ Մի քանի անգամ վառել-մարելուց հետո հարձակվում է կնոջ վրա՝ թեգ Էդ ոգւմ ես նշան անում դիմացի շենքից։ Մոտավորապես նույն բանն է։ Պետության մի կառույցը մարդուն կոպեկներով գործ է առաջարկում, մյուս կառույցը՝ այդ նույն մարդուն պատժում է «թաքուն» գործի անցնելու համար։
Եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա սա նշանակում է դասական «քցոցի»։ Միտումնավոր է դա արվում, թե ոչ՝ էական չէ։ Էականն այն է, որ այս «քցոցին» կրկնակի դատապարտելի է, որովհետև «քցվողը» խոցելի խավի ներկայացուցիչ է։
Այս ամենը խոսում է այն մասին, որ պետության կամ պետական որոշ պաշտոնյաների իրական առաքելությունը ոչ թե գործազուրկին օգնելն է, այլ անգամ նրանի՛ց որքան հնարավոր է շատ գումարներ պոկելը։ Իսկ օրենքը տալիս է այդ հնարավորությունը, որպեսզի պետությունը շահած դուրս գա։ Օրենքի համաձայնգ նպաստառուն նպաստից զրկվում է նաև այն ժամանակահատվածի համար, երբ իրոք առանց աշխատանքի է մնացել։ Որպես պատիժ՝ անտեղյակության համար։ Ահա այդպիսի խիստ օրինական դաշտում են աշխատում գործազուրկների հետ։
Կրկին շեշտենք՝ միգուցե իրավական առումով ամեն ինչ ճիշտ է (չհաշված ծանուցման վրիպակը)։ Սակայն խնդիրը մոտեցման ու սկզբունքի մեջ է։ Պետական մեքենան ոչ թե փորձում է օգնել օգնության կարիք ունեցող քաղաքացուն (խոսքը ամենախոցելի խավի մասին է), այլ ընդամենը ցույց տալ, որ օգնում է։ Իսկ իրականում, օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից, օրենսդրական նրբությունների ու սողանցքների միջոցով նրանց հաշվին գումարներ են խնայում, որպեսզի հետո ծախսեն ավելի լուրջ խնդիրների լուծման համար՝ ծառայողական մեքենաները թարմացնելու կամ անիմաստ գործուղումների ժամանակ առաջին կարգով տոմս գնելու վրա։ Ապահով Հայաստան գնալու համար, ինչպես երևում է, էկոնոմ կարգի տոմսեր նախատեսված չեն։
Հ.Գ. – Ավելացնենք նաև, որ այս կարգի մեխանիզմներրը Հայաստանում միշտ էլ կիրառվել են։ Օրինակ, դեպքեր են եղել, որ անապահով ընտանիքի ծանր վիճակի մասին մամուլում հրապարակում է եղել, որոշ բարեգործներ արձագանքել են՝ գումարով օգնել։ Իսկ հետո այդ մարդկանց զրկել են նպաստից՝ պատճառաբանելով, որ եկամուտ են ունեցել։ Այնպես որ, ոչ մի բանից չպետք է զարմանալ։