Թուրքիայում ավելի քան 160 ոստիկան մեղադրվում է ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժ կիրառելու մեջ
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` թուրքական դատարանը սկսել է քննել ոստիկանության 32 սպաների ու 132 շարքայինների գործը, որոնց կասկածում են ցուցարարների դեմ չափից ավելի ուժ կիրառելու մեջ` կապված այս տարվա հունիս-հուլիս ամիսներին «Գեզի» այգու համար անցկացված բողոքի ակցիաների հետ:
Մեկուկես ամիս տևած բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է հինգ մարդ, շատերն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մի շարք դեպքերում հասարակությունը թուրքական ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների հանդեպ չափից ավելի ուժ գործադրելու մեջ: Սոցցանցերում տարածվել են այդ փաստն ապացուցող տեսանյութեր:
Իշխանությունները խոստացել են պարզել յուրաքանչյուր միջադեպն ու պատժել մեղավորներին: Հեռուստաալիքի տվյալներով` տվյալ գործով անցնող ոստիկանների մեծ մասն աշխատում է Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում ու Հաթայում: