«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը գործնականում դադարեցված է. Սաակաշվիլի
Minval.az-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտահոգություն է հայտնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքների դադարեցման կապակցությամբ: Խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ միակ նախագիծը, որի ուղղությամբ ինտենսիվորեն աշխատում է կառավարությունը, Ռուսաստանի հետ կապող ճանապարհն է:
Սաակաշվիլին ընդգծել է, որ գործնականում դադարեցված է Վրաստանը Եվրոպայի հետ կապող երկաթուղու կառուցումը. «Այդ երկաթուղու կառուցումը պետք է ավարտվեր այս տարի, սակայն հաշվի առնելով ներկայիս տեմպերը` նախագծի ավարտումը կպահանջի նվազագույնը երեք տարի:
Ոչ պակաս վտանգավոր է այն, որ ես տեսա Թբիլիսին շրջանցող երկաթուղու կառուցման ժամանակ: Թբիլիսիում դարի նախագծի` շրջանցող երկաթուղու կառուցման, վրա ծախսվել է ավելի քան 200 միլիոն դոլար: Շրջանցող երկաթուղու կառուցումը Թբիլիսին կվերածի կատարելապես այլ քաղաքի: Խցանումները գործնականում կվերանան:
Այդ երկաթուղին գրեթ պատրաստ է, կառուցվել է 9 թունել և մի շարք երկար էստակադներ: Սակայն կառավարությունը նախագիծը պաշտոնապես փակել է միայն նրա համար, որ դա արել ենք մենք»: