Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ծովային անվտանգության ռազմավարությունը»
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ծովային անվտանգության ռազմավարությունը»:
Փաստաթուղթը միտված է տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովմանը, ինչը մասնավորապես վերաբերում է ծովում էներգետիկ ենթակառուցվածքների խաշտպանությանը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ծովում գոյություն ունեցող սպառնալիքները կարող են լուրջ վնաս պատճառել երկրի ազգային շահերին: Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություն, օգտագործելու է իր շահերը պաշտպանելու իրավունքը: Արտաքին մարտահրավերների ու սպառնալիքիների թվին դասվել են.
– Կասպյան երկրների ռազմածովային հնարավորությունների մեծացումը, ինչը հավասարակշռությունը խախտում է ի վնաս Ադրբեջանի,
– Ադրբեջանի ներքին գործերին պոտենցիալ միջամտությունը՝ կապված բնական պաշարներից ու ծովային հաղորդակցության ուղիներից օգտվելու սահմանափակումների հետ,
– ծովում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնելը,
– միջպետական հակամարտությունների, ռազմական գործողությունների ու դրանց ընդլայնման հնարավորությունը,
– միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) այլ տիպերի ու դրանց բաղադրատարրերի փոխադրումը տարբեր երկրների ռազմա-քաղաքական հավակնությունների համատեքստում,
– ահաբեկչական կազմակերպությունների, ծովահենների և հանցավոր այլ խմբերի գործունեությունը,
– ապօրինի փոխադրումները, մաքսանենգությունը և մարդավաճառությունը,
– ապօրինի ձկնորսությունը և բնական պաշարների մշակումը: