Գուրգեն Եղիազարյան. «Վարչապետը, երևում է, ինչ-որ տարօրինակություններ ունի»

«Ի սկզբանե ասեմ, որ ես ինքս կողմ եմ Մաքսային միությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Սակայն նա քննադատության ենթարկեց իշխանություններին` նշելով, թե իշխանության ներսում Մաքսային միությանը միանալու հարցի շուրջ եղել է հակասություն: Մասնավորապես նա հիշեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած տեսակետը` Մաքսային միության անդամակցության ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ:

«5 օր անց նախագահը հայտարարում է Մաքսային միությանը միանալու մասին, հայտարարում է դրա մասին բարձր ամբիոնից` Մոսկվայից: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում` եթե մի պետության մեջ առաջին դեմքերը չգիտեն, թե իրենք ինչի մասին են խոսում, ինչպե՞ս մենք կողմնորոշվենք, թե ի՞նչ պետք է անենք, ո՞ւմ ծափ տանք էս անգամ, նրան, ով ասում էր` միայն խելագարը նման քայլ կանի, թե՞ նրան, որ գնաց ու համաձայնվեց…Արձանագրություն ստորագրեցիք թուրքերի հետ, հանձնաժողով պահանջեցիք, որպեսզի որոշեին` մեր տատերին ու պապերին  թուրքերը մորթազերծ արե՞լ են Արևմտյան Հայաստանում, թե՞ ոչ: Էդ իբր թե մարսեցիք, հիմա էլ էս Մաքսայինը: Ես ասում եմ` ես կողմ եմ Մաքսայինին` Ռուսաստանի հետ ցանկացած հարաբերություններին»,- ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Էն օրը մեկը հայտարարեց, թե Մաքսային միությունը լուծում է մեր ազգային անվտանգության հարցը: Լսեք, այ, ինչ ասեմ, բա 5 տարի շարունակ մեր անվտանգության մասին չէի՞ք մտածում: Այսինքն` եթե Ասոցացման պայմանագիրն ենք ստորագրում, մենք վտանգվա՞ծ ենք, դե մինչև վերջ ասեք` հասկանանք: Բա դուք այն մարդիկ էիք, որ ասում էիք «և´-և´»»,- շարունակեց նա:

Կարդացեք նաև

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը, Գուրգեն Եղիազարյանն ասաց, թե «Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը նոր չի կնքնվել», և հիշեցրեց նաև իշխանության կողմից բերվող հայտնի փաստրկները` Ռուսաստանի տարածքում ավելի քան 2 միլիոն հայեր են ապրում, իսկ Հայաստանի տնտեսությունը դեռ չի թևակոխել 21-րդ դար, ինչի պատճառով հայաստանյան ապրանքները չեն կարող մրցունակ լինել եվրոպական շուկայում և այլն: «Մաքսային միության անդամ դառնալ նշանակում է ձեռք մեկնել 2 մլն հայերի»,- նշեց նա:

Նա նաև չվարանեց «պատվեր կատարող» և «իշխանությանը սպասարկող» անվանել մամուլի ու հեռուստատեսության այն ներկայացուցիչներին, ովքեր, իր խոսքերով, 5 տարի շարունակ «գովերգել են» Եվրոպական միության Ասոցացման համաձայնագիրը:

«Ասոցացում, ասոցացում, ասոցացում և ժողովրդավարություն, էդ «ություն»-ների մեջ խեղդեցիք Հայաստանը, մեկ էլ հանկարծակի շուռ եկաք, թքեցի եվրոպացիների երեսին: Թող դրանք հիշեն «ընտրությունների մեկ քայլ առաջը»: Ու եղավ լրիվ շրջադարձ, գնացինք դեպի առաջ…Բայց վարչապետի խնդիրը լուծեք, էդ մարդը, երևում է, ինչ-որ տարօրինակություններ ունի»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ Մաքսային միությո´ւնը «գովերգողները» պատվեր կատարողներ չեն, կամ  ի՞նչ կապ ունի հայ և ռուս ժողովրդների  բարեկամությունն այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը կնքնվում է ժողովրդի թիկունքում` առանց հասարակությանը տեղյակ պահելու, և արդյոք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պահպանումը կապվա՞ծ է միայն Մաքսային միություն մտնելու հետ:

Մեր հարցադրման առաջին մասին Գուրգեն Եղիազարյանն այդպես էլ չպատասխանեց, բայց նշեց, որ չի ողջունում, երբ իր ժողովրդի թիկունքում իրարից անկախ և իրար հակասելով գործարք է կատարվում:

«Մեր թաղում մի տղա կար, անունը Գվո էր, նա թմրամոլ էր: Երբ Գվոն մի բան էր խոսում, ասում էին` դե Գվոն ա ասել, դրա համար կռի՞վ անենք: Հիմա հո Գվոյի մակարդակի չե՞ն սրանք, սա պետություն է, չէ՞… Ես կրկնում եմ` կողմ եմ Մաքսային միությանը, բայց այդ ամենի մասին ժողովուրդը պետք է իմանա, և իշխանության ներկայացուցիչները պետք է իրար հետ չմտնեն հակասության մեջ: Դա խոսում է այն մասին, որ մենք ունենք Գվոյի պատմությունը: Բոլորի վրա սառը ջուր լցրեց, այդ թվում` եվրոպացիների: Ինչևիցէ, իհարկե պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը, իհարկե, մենք պետք է ունենայինք դեբատներ` լուրջ տնտեսագետների մասնակցությամբ, որի արդյունքում կծնվեր այդ պայմանագիրը»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, ով նույնպես կողմ արտահայտվեց Մաքսային միություն մտնելուն` խոսելով «պատմության թելադրանքի» մասին և նշելով, թե այդ քայլը ռազմաքաղաքական երևույթ է, պատասխանեց, թե ժողովրդի թիկունքում ոչինչ չի արվել:

«Դա քաղաքականություն է, և պարտադիր չէ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ամեն մի մանրուք դառնա հասարակության սեփականությունը: Արդեն հայտարարություն է արվել, և գնալու են քննարկումներ: Բայց լինել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական գործընկեր, արդեն այն հիմքն է, որի վրա այսօր կառուցվում է Մաքսային միությունը: Մեր հասարակությունը չգիտի՞, որ Մաքսայինի մասին խոսակցությունների ժամանակ ո´չ նախագահը, ո´չ որևէ մեկը դրա բացառման մասին չի ասել»,- կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Լ. Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ս. թ. մարտի 18-ին` նախագահական նստավայրում կազմակերպված հայտնի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր. «Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս