Կարեն Բաբակեխյանը՝ ակտիվիստուհուն համբուրող ոստիկանի մասին.«Ախր ես ընդեղ չէի ու չեմ կարա ասեմ՝ ով ում էր համբուրում»
Անցած մի քանի օրերի ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում մայրաքաղաքում տեղի ունեցող դեպքերն են` բողոքի ցույցերը, ակտիվիստների պահանջը, ոստիկանական գործողությունները եւ «համբուրող» ոստիկանի պահվածքը: Ի՞նչ են մտածում այս ամենի մասին գյումրեցի ոստիկանները: ԳԱԼԱ-ն այս թեմայի շուրջ զրուցել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ:
– Որպես քաղաքացի՝ ի՞նչ եք մտածում` հեռվից հետևելով այդ զարգացումներին, երբ 50-ից ավելի ակտիվիստի քաշքշելով ոստիկանություն էին տանում…
– Ես ախր, որ չգիտեմ, ընդեղ չեմ եղել, ես ոնց կարամ գնահատական տամ… Ոստիկանները օրենքից դուրս ոչ մի բան չեն անում, էդ մի բանը հաստատ կարող եմ ասել, որ ինչ անում են, օրենքի շրջանակներում է:
– Իսկ Դուք իմացե՞լ էիք այն «համբուրող» ոստիկանի մասին. ակտիվիստը պնդում էր, որ իր պարանոցը համբուրել է ոստիկանը: Այս մեկը որքանո՞վ է օրենքի շրջանակներում…
– Ախր ես այնտեղ չեմ եղել ու չեմ կարա ասեմ՝ ով ում ա համբուրել…Ես հավատում եմ միանշանակ ոստիկանների ասածներին: