Ոսկու բիզնեսով զբաղվողները դժգոհում են
Հայկական ոսկու շուկայում գործերը լավ չեն՝ հետզհետե պակասում են թե´ գնորդները և թե´ արհեստավորները: Ոսկու բիզնեսով արդեն 17 տարի զբաղվող Գագիկ Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում կիսվեց իր մտահոգություններով:
«Շատ վատ իրավիճակ է, առևտուրը շատ է պակասել: Ու դրա պատճառները մի քանիսն են՝ կյանքի թանկացումը, արտագաղթը, մի խոսքով՝ ամեն ինչն էլ ազդում է ոսկու վրա»,- ասաց Գ.Նիկողոսյանը:
Ըստ նրա՝ ոսկու զարդերի առուվաճառքի ամենալավ ժամանակաշրջանը մոտ 10 տարի առաջ էր, թեև 5 տարի, դեռ 2 տարի առաջ էլ «էլի ոչինչ»: Նիկողոսյանը նշեց, որ եթե 2 տարի առաջ մոտ 100 հոգի օրական մտնում էր ոսկու շուկա ու նրանց մեծ մասը գալիս էին զարդ գնելու նպատակով, ապա հիմա օրական այցելուները մոտ 20 հոգի են ու մեծ մասը զբոսաշրջիկներ են, գալիս են պարզապես նայելու համար:
«Առաջ գնում-գալիս էին, ռուսները, չեչենները, վրացիները…մեկս մյուսով ապրում էինք: Հիմա չեն գալիս: Ոսկե զարդերի բիզնեսը մարում է»,- նշեց Գ.Նիկողոսյանը:
Եթե 2 տարի առաջ ոսկե շղթան վաճառվում էր միջինիում 25 դոլարով, ապա հիմա 34 դոլար է: Ավելի քան 30% գնաճը, Գ.Նիկողոսյանի խոսքով, շատ մեծ թիվ է ոսկու մեջ: Նրա դիտարկմամբ՝ վաճառքի ծավալների նվազման հետ մեկտեղ պակասում են նաև վաճառողները և արհեստավորները, ու եթե վաճառողը կարող է գնալ մեկ այլ ապրանքի իրացմամբ զբաղվել, ապա արհեստվորը երկրից է արտագաղթում, իսկ դա արդեն նշանակում է, որ ոսկյա զարդերի արհեստն է մեռնում: