
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերադարձնել պատանդներին. Իսրայելը կդադարեցնի Գազայի ռմբակոծությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին ասել է դադարեցնել պաղեստինյան անկլավի ռմբակոծությունը։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։
«Հիմնվելով ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության վրա՝ կարծում եմ՝ նրանք պատրաստ են տևական խաղաղության։ Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Գազայի ռմբակոծությունը, որպեսզի կարողանանք ապահով և արագ կերպով դուրս բերել պատանդներին։ Այս պահին դա անելը չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկումներ ենք անցկացնում մանրամասների վերաբերյալ», – գրել է Թրամփը։
Այնուհետև Truth Social հարթակում Թրամփը նաև տեսանյութ է տարածել, որում շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Հորդանանին իրենց աջակցության համար։
ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև հոկտեմբերի 5-ն էր ժամանակ տվել՝ ընդունելու 20 կետից բաղկացած իր ծրագիրը, այլապես խոստացել էր, որ կլինեն լուրջ հետևանքներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է «անմիջապես գործի դնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի արձագանքի։ Իսրայելական կողմը հայտնել է, որ կշարունակի լիովին համագործակցել նախագահ Թրամփի և նրա թիմի հետ պատերազմն ավարտելու համար։
BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իր մոտ պահվող պատանդներին, սակայն խնդրել է լրացուցիչ բանակցություններ ամերիկյան առաջարկի որոշ կետերի շուրջ։ Շարժումը հայտնել է, որ կփոխանցի Գազայի հատվածի կառավարումը «տեխնոկրատներից» բաղկացած պաղեստինյան մարմնի և կվերադարձնի բոլոր պատանդներին՝ «ինչպես ողջ մնացած, այնպես էլ մահացած»։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, 250 մարդ գերեվարվեց։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 50 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, ողջ է մնացել միայն 20-ը։
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 66 000-ը։ Վիրավորների թիվը մոտենում է 170 000-ի։ Անկլավում 450-ից ավելի մարդ մահացել է սովից։