
Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի․ մարզպետը շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ։
«Սիրելի՛ գյումրեցիներ, իմ շատ հարազատ համաքաղաքացիներ, շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։
Մեր անկրկնելի ծննդավայրի օրը կրկին առիթ է խոսելու Գյումրու բացառիկության, աննախադեպ հմայքի մասին։
Ջերմության, թասիբի, հումորի, գիտության, արվեստի, արհեստի, սպորտի ու սիրո քաղաք է Գյումրին, որին չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։
Մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ, գյումրեցի լինելու հպարտությունն ու նաև այն տեղին գլուխգովանությունը, որ «աշխարհի կենտրոն» քաղաք ունենք, որի ձգող էներգիան, յուրատիպ ու յուրատեսակ ճարտարապետությունը, բարի ու ձեռք մեկնող բնակիչները ամբողջացնում են Գյումրու կոլորիտն ու անկրկնելիության մասին են խոսում։
Ակնածանք ներշնչող վեհության ու նաև անմեկնելի պարզության քաղաք է Գյումրին, որի պատմությունը, հնամենի խաս քարով շենքերը, մեկը մյուսից տարբերվող ու հանրաճանաչ թաղերը, կոպիտ թվացող, սակայն բոլորիս համար ամենաքաղցր բարբառն ու խոսքը, ուրույն ու սուր մտքերը, բոլորին են հայտնի։
Շատ փորձություններով, դժվարություններով է անցել մեր հայրաքաղաքը, բայց ամեն անգամ ապացուցել է, որ պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու հզոր ներուժով կարող է ոտքի կանգնել, կարող է ի ցույց դնել աննկուն կամք ու կորով և առաջ շարժվել՝ պահպանելով գնահատելի հինն ու արժևորելով անհրաժեշտ նորը։
Անցած մի քանի տարին Գյումրու համար քաղաքական առումով վայրիվերումների տարիներ են եղել, միևնույն ժամանակ քաղաքաշինական ու վերականգնման առումով՝ ձեռքբերումների։
Կառավարության տրամադրած միջոցներով կառուցվել ու նորոգվել և հիմա էլ շարունակվում են բազմաթիվ դպրոցների, մանկապարտեզների, փողոցների ու ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքները, որոնք կրելու են շարունակական բնույթ։
Վստահ եմ՝ մենք քայլ-քայլ գնալու ենք խնդիրների լուծման, մեր քաղաքը զարգացնելու ճանապարհով։
Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով, իր քաղաքի ամեն քարն ու թուփը սիրում է ու սիրո մասին էլ ամենուր պատմում է։
Այսօր եկեք բոլորս պատմենք մեր քաղաքի մասին, հիանանք նրանով։
Մաղթում եմ բոլորիդ կամքի անսասանություն, անսպառ սեր ու նոր ձեռքբերումներ։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սրտի քաղաք, մեր ոգու տուն, մեր սիրուն Գյումրի»,-նշել է մարզպետը։