Տիգրան Առաքելյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց նրա միջնորդությունը
Քրեական վերաքննիչ դատարանում վերկսկվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Դատարանը մերժեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի միջնորդությունը` իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին: Արդեն երկու տարի է՝ Տիգրան Առաքելյանը կալանավորված է: Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալների պաշտպան Մուշեղ Շուշանյանը նույնաբովանդակ միջնորդություն էր ներկայացրել. դատարանը, սակայն, մերժել էր փաստաբանի միջնորդությունը:
Նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը միջնորդեց Եվա Թովմասյանին, Մարիամ Մուրադյանին, ևս մեկ հոգու հրավիրել դատարան հարցաքննության: Սարգիս Գևորգյանն ասաց, որ այս աղջիկները ականատես են եղել միջադեպին: Ամբաստանյալը միջնորդեց նաև դատարան հրավիրել Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գևորգյանին. նրանք դեպքի օրը ակտիվիստների հետ բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: