Բաժիններ՝

ԱՄՆ 19 դեսպանատան աշխատանքները դադարեցվել են մինչև օգոստոսի 10-ը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն իր 19 դեսպանատների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 10-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Ի թիվս այլոց, մինչև օգոստոսի 10-ը չեն գործելու ԱՄԷ-ում, Հորդանանում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում, Օմանում, Եմենում, Սուդանում, Լիբիայում, Բուրունդիում, Ջիբութիում, Ռուանդայում, ինչպես նաև Մադագասկարում ու Մավրիկիոսում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները:

Դրա հետ մեկտեղ իրենց աշխատանքը ժամանակավորապես դադարեցրած Բանգլադեշում, Ալժիրում, Մավրիտանիայում, Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները կբացվեն օգոստոսի 5-ին:

Սկզբնական շրջանում հայտարարվել էր Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու Հարավային Ասիայի մի շարք մուսուլմանական երկրներում ամերիկյան դեսպանատների՝ մեկ օրով (օգոստոսի 4) փակվելու մասին:

Նման որոշում էր ընդունվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների կյանքն ու առողջությունը հայտնվել են սպառնալիքի տակ: Չէր հաղորդվել, թե կոնկրետ ինչ սպառնալիքի մասին է գնում խոսքը:

Դեսպանատների փակման մասին հայտարարության հետ գրեթե միաժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին զգուշացրել էր մոտ ժամանակներս ահաբեկչություն իրականացնելու «Ալ-Քաիդայի» մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս