Թբիլիսիի լաբորատորիան չունի ռազմական նշանակություն. Վրաստանում ԱՄՆ դեսպան
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Թբիլիսիում ստեղծված Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջության հետազոտությունների կենտրոնը (լաբորատորիան) բաց է և չունի ռազմական նշանակություն: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը:
Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Գենադի Օնիշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի տարածքում շարունակում է գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի միկրոկենսաբանական լաբորատորիան, որը չի գտնվում Վրաստանի իշխանությունների վերահսկողության ներքո:
Օնիշչենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի շրջաններում խոզերի աֆրիկյան ժանտախտը հայտնվել էր Վրաստանից: Դեսպան Նորլանդը հերքել է, որ այդ լաբորատորիան ունի ռազմական նշանակություն, զբաղվում է կենսաբանական զենքի հետազոտություններով և որ չի գտնվում Վրաստանի իշխանությունների ենթակայության ներքո:
Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ը և Վրաստանը քանիցս հայտարարել են, որ լաբորատորիան բաց է և թափանցիկ, այն բաց ինստիտուտ է գիտնականների, այդ թվում նաև ռուս գիտնականների համար: