Գագիկ Բեգլարյանը վայելում է Տարոնի անկումը
Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքի ծավալմանը զուգահեռ՝ բավական հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել ՀՀ Տրանսպորտի և կապի (ՏԿ) նախարարությունը: Մայրաքաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարի շիկացմանը զուգահեռ՝ ՏԿ նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում միջահամայնքային և միջպետական ուղևորափոխադրումների սակագների բարձրացման հայտերի մերժման մասին: Արդյունքում՝ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ մինչ մայրաքաղաքային իշխանությունները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հարստահարում են տրանսպորտից օգտվող ժողովրդին, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, պայքարում է քաղաքացիներին կեղեքել ցանկացող գծատերերի դեմ: Այն դեպքում, երբ միջհամայնքային և միջպետական երթուղիները սպասարկում են գրեթե նույն միկրավտոբուսները, որոնք աշխատում են նույն վառելիքով, օգտագործում են նույն պահեստամասերը: Ըստ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած «հիմնավորման»՝ բոլոր այդ «ատրիբուտներն» այնքան են թանկացել, որ Երևանում ուղեվարձի բարձրացումն անխուսափելի էր: Այսինքն՝ եթե Երևանի քաղաքապետարանը ճիշտ է իր «հաշվարկներում», ապա նույնը պետք է վերաբերի նաև ավելի հեռու տարածություններով ուղևորափոխադրումներ իրականացնողներին: Սակայն Տրանսպորտի և կապի նախարարությունն, ինչպես նշեցինք, «անխնա» մերժում է միջհամայնքային երթուղիներ սպասարկողների հայտերը:
Ուրեմն՝ ինչպե՞ս բացատրել այս հակասությունը: Ուղեվարձի հաշվարկման «տնտեսագիտական հիմնավորումների» քննարկումը տվյալ դեպքում անիմաստ է, քանի որ, մեծ հավանականությամբ, այս «տարբերությունը» պայմանավորված է ոչ թե տրանսպորտային ցանցի կառավարման առանձնահատկություններով, այլ ներիշխանական ու անձնական հակասություններով: Ավելի պարզ ասած, սա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ «նետված» հերթական «քարն» է: Գաղտնիք չէ ՏԿ նախարարի վերաբերմունքը Տարոն Մարգարյանի նկատմամբ, ով, ըստ էության, Երևանի քաղաքապետ դարձավ Գագիկ Բեգլարյանի «սայթաքման» հաշվին: Դրանից հետո Գագիկ Բեգլարյանը տարբեր միջավայրերում բազմիցս արտահայտվել է, որ ամեն ինչ անելու է Երևանի քաղաքապետի պաշտոնին վերադառնալու համար:
Նա այդպիսի հույսեր ուներ նաև այս տարվա մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ասում էին, անգամ կարողացել էր համոզել նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն վերջին պահին ինչ-որ բան փոխվեց, և Բեգլարյանը չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Դա, բնականաբար, ոչ միայն չմեղմացրեց նրա վերաբերմունքը Տարոն Մարգարյանի նկատմամբ, այլև այն դարձրեց ավելի կոշտ: Ու, բնականաբար, Բեգլարյանն օգտագործում է ցանկացած առիթ՝ Տարոն Մարգարյանի դիրքերը թուլացնելու համար: Ու թերևս պատահական չէր, որ տրանսպորտի թանկացման մասին առաջիններից մեկը խոսեց Գագիկ Բեգլարյանը՝ իր հայտնի «թանկացումները պետք է լինեն ժողովրդի օգտին» արտահայտությամբ:
Իսկ այս օրերին միջհամայնքային ուղևորափոխադրումների գները բարձրացնելու հայտերը մերժելով էլ՝ նա, թերևս, ցանկանում է ցույց տալ, թե որն է «ժողովրդի օգտին թանկացումը»: Դա, իհարկե, չի նշանակում, որ միջհամայնքային ուղևորափոխադրումները չեն թանկանա: Սակայն դա տեղի կունենա, թերևս, այն ժամանակ, երբ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ալիքը մարած կլինի: Այդ ընթացքում Գագիկ Բեգլարյանը կհասցնի որոշակի «ժողովրդականություն» ձեռք բերել: Եվ կողքից վայելել Տարոնի անկումը: