Միակողմանի երթևեկությամբ «խաչմերուկ». Արմեն Մարտիրոսյան

Նոյեմբերի 20-ին Նեապոլում կայացած մի խորհրդաժողովում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել էր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նրա գնահատականներն առիթ հանդիսացան ընթերցողին հիշեցնելու, թե իրականում ինչ հանգամանքներում է ի հայտ եկել այս նախաձեռնությունն ու դրա «մաս կազմող» TRIPP նախագիծը։

2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված էր  երկու երկրների միջև բոլոր տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում։ Սակայն Արցախի հանձնումը փոխեց տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և դրա հետ մեկտեղ՝ երթուղիների վերաբացման ողջ տրամաբանությունը։  Հիմնախնդիրը, թե ո՛վ և ի՛նչ պայմաններով է ձևավորելու Հարավային Կովկասի տրանսպորտային համակարգը, ստացավ բոլորովին այլ լուծում։

2020թ. պատերազմում Հայաստանի պարտությունից հետո դեռևս բաց էր այն հարցը, թե ինչպես են տարածաշրջանի երկրները կապվելու միմիանց և հարևան երկրների հետ։ Ենթադրվում էր, որ որոշ երթուղիներ կարող էին լրացնել միմյանց, մյուսները՝ մրցակցել բեռնահոսքերի համար։ Երևանը դեռ հնարավորություն ուներ մասնակցելու տարանցման կանոնների սահմանմանը, բայց շուտով դրական ակնկալիքները հօդս ցնդեցին։

Ստանձնած պարտավորություններն առաջին անգամ միակողմանիորեն վերանայվեցին դեռ 2021թ. հունիսի 15-ին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը Շուշիում ստորագրեցին դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Դրանում երկու երկրներն ամրագրեցին Հայաստանի ինքնիշխան տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացելու դրույթը՝ առանց մեր համաձայնության։

Կարդացեք նաև

Իսկ ամեն ինչ խորտակվեց 2023-ին։ Արցախի հանձնումից հետո Բաքուն և Անկարան ձեռնամուխ եղան Հայաստանին խաղաղություն անվան տակ բացառապես իրենց ձեռնտու պայմաններ պարտադրելու սև գործին։ Այս ամենը փոխեց պաշտոնական Երևանի դերը ճանապարհների ապաշրջափակման շուրջ բանակցություններում։ Եթե նախկինում Հայաստանը դեռ կարող էր իր խոսքն ասել տարանցման կանոնները սահմանելիս, ապա այժմ դրանք փաստացի թելադրում են Բաքուն ու Անկարան։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նախանշված էր ապաշրջափակել «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը»։ Հայաստանը երաշխավորում էր Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ հաղորդակցության վերահսկողությունը վերապահվում էր ՌԴ սահմանապահ ծառայության մարմիններին։ Թեև 9-րդ կետը նախատեսում էր անխոչընդոտ հաղորդակցություն Նախիջևանի հետ, փաստաթուղթը որևէ հիմք չէր տալիս այդ դրույթը «միջանցքային տրամաբանությամբ» մեկնաբանելու համար։ Հայտարարության մեջ «միջանցք» անվանված միակ երթուղին Լաչինի միջանցքն էր (!!)։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետում նախանշված էր բանակցությունների նպատակը՝ փոխադարձության սկզբունքով ապաշրջափակել տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները։ Սակայն Արցախի ամբողջական հանձնումը թույլ տվեց Բաքվին ու Անկարային այդ դրույթին «նոր» մեկնաբանություն հաղորդել՝ դարձնելով այն Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դա նրանց թույլ տվեց առաջ մղել սկզբունքորեն այլ մոդել։ Հայաստանը ձևականորեն պահպանում է իր ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու է երթուղին, իսկ ենթակառուցվածքի զարգացման ու շահագործման վերաբերյալ առանցքային որոշումները կայացնելու է հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը, որի վերահսկիչ բաժնեմասը պատկանում է ԱՄՆ-ին։

Այսպես գլխիվայր շրջվեց 2020թ. նոյեմբերի 9-ին ստրագրված փաստաթղթի ողջ տրամաբանությունը։ Դրույթը, որը պետք է հիմք դառնար կողմերի համար փոխընդունելի լուծման, այժմ ամրագրում է նրանց անհավասար դիրքերը և քաղաքական հիմնավորում տալիս Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունից հետո նրան ներկայացված վերջնագրային պահանջներից մեկին՝ Զանգեզուրով «միջանցք» բացելուն։ Արդյունքում՝ Երևանը ստիպված էր կենտրոնանալ շատ ավելի նեղ խնդրի վրա՝ ապահովել, որ երթուղու ենթակառուցվածքը ձևականորեն մնա Հայաստանի իրավազորության ներքո։

Եվ այստեղ փրկության  հասավ TRIPP-ը, թեև օգնությունը մեզ թանկ արժեցավ։ Ինքնիշխանությունը թղթի վրա ամրագրելու դիմաց Հայաստանը կորցրեց նախագծի նկատմամբ փաստացի վերահսկողությունը։ TRIPP-ի օպերատոր ընկերության բաժնետոմսերի 74%-ը պատկանում է ԱՄՆ-ին, և միայն 26%-ը՝ Հայաստանին։ Ըստ էության, TRIPP-ն իրագործում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ դրան տալով այնպիսի ձևակերպում, որը թույլ կտա հայկական բանակցողներին առերևույթ փրկել իրենց դեմքը։

Հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որով Երևանը փորձեց քողարկել «միջանցքային տրամաբանությունը» և տպավորություն ստեղծել, թե առաջարկվող պայմաններով Հայաստանն իր տարածքով անցնող երթուղու նկատմամբ պահպանելու է լիակատար իրավազորություն, իսկ բոլոր կողմերը փոխադարձության սկզբունքով օգտվելու են միմյանց ճանապարհներից։

Իրականում՝ «Խաղաղության խաչմերուկին» վերապահված է զուտ քարոզչական դեր։ Նախաձեռնությունը քողարկում է դրսից պարտադրված միակողմանի զիջումներ։ Երևանն էլ դրանք ներկայացնում է՝ որպես իր իսկ առաջարկած տարածաշրջանային համագործակցության ծրագրի մաս։

«Խաղաղության խաչմերուկն» այն թզենու տերևն է, որով գործող կառավարությունը քողարկում է իր վարած քաղաքականության ամոթույքը։ Սակայն խոստովանենք՝ ԱՄՆ 47-րդ նախագահն այնպիսի խանդավառությամբ է աջակցում իր անունը կրող նախագիծը, որ անգամ ամոթույքն է փայլփլուն տեսք ստանում։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ).

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30