«Դեռևս քայլել չեմ կարողանում… Երեխաներս դեռ չեն կարողանում հոգեբանական խնդիրները հաղթահարել». Անի Ավետիսյան

Օրերս Դատալեքսից տեղեկացանք, որ Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, և նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին։

Մեկ ամսից ավելի է՝ Անի Ավետիսյանը հիվանդանոցում է, չի կարողանում քայլել, նա մի քանի վիրահատությունների է ենթարկվել, առաջիկայում ևս վիրահատություններ կլինեն։

168.am-ի հետ զրույցում Անի Ավետիսյանն ասաց, որ այս պահին իրեն այդքան էլ լավ չի զգում։

«Դեռևս չեն ասել, թե հաջորդ վիրահատությունը երբ է տեղի ունենալու, բուժման ընթացքի մեջ եմ։

Կարդացեք նաև

Սուտ կլինի ասել, որ առողջական վիճակս բարելավվել է, դեռևս քայլել չեմ կարողանում, նույնիսկ օգնելու դեպքում։ Վիրահատությունս նոր ենք արել, ոսկոր են կտրել, նորից թարմացրել»,- նշեց Անի Ավետիսյանը։

Ըստ նրա, Հայաստանում հնարավորությունները բավարար են ամբողջական բուժումն անցնելու համար։ Այս պահին էլ չգիտի՝ բուժվելուց հետո Սյունիք կվերադառնա՞, թե՞ ոչ, սակայն մեկ բան հստակ է՝ Շաքի չի վերադառնալու, քանի որ այնտեղ վարձով է բնակվել։

«Տան տերը հիմա տան վարձն է ուզում, ասել է՝ եթե չեք մնալու, եկեք վեշերը հանեք։ Դեռ հիվանդանոցում կմնամ, չգիտեմ՝ այստեղ ինչքան եմ մնալու, մինչև չքայլեմ, չեմ կարողանալու դուրս գրվել։

Երեխաներս դեռ չեն կարողանում հոգեբանական խնդիրները հաղթահարել»,- ընդգծեց Անի Ավետիսյանը։

Նշենք, որ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։

Ն.Մուսաևը, նշված առանձնատանը գտնվող գույքը հափշտակելու դիտավորությամբ, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռ. Ա.-ն և Ք. Ա.-ն: Ն.Մուսաևը, անչափահասներ Ռ.Ավետիսյանին և Ք.Ավետիսյանին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։

Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևն անչափահասներ Ռ.Ավետիսյանին ու Ք.Ավետիսյանին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։

Այդ ընթացքում Անի Ավետիսյանը դստեր՝ Ռ. Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։ Ն.Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռ. և Ք. Ավետիսյանների կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։

Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսություն։

Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից:

Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30